Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հերքել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության մասին ադրբեջանական կողմի ներկայացրած կեղծ վարկածը՝ շեշտելով, որ Արցախի խաղաղ բնակիչը հեռահար կրակոցով է սպանվել Ադրբեջանի զինուժի կողմից:
«Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում, իբր, չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները», – հայտնել են դատախազությունից՝ ընդգծելով, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերն անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար:
Նշվում է, որ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի 65-ամյա բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում 2021 թվականի դեկտեմբերի 3-ին դիտավորությամբ սպանվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից: