Աէրոֆլոտ Օփենում կայացել է 3-րդ տուրը: Խաղային 3-րդ օրը հաջող էր A մրցաշարի մեր մասնակիցների համար, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր հինգ պատվիրակներից չորսը հաղթանակներ են տոնել:
Մեր շախմատիստներից երեքը հաջողության են հասել Չինաստանը ներկայացնող շախմատիստների նկատմամբ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Լյու Յանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Չեն Ցզյուին, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Ժուն Չիներին:
Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Սրինատ Նարայանանի նկատմամբ: Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Ալիշեր Սուլեյմանովի հետ:
3-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր վաստակած Մաքսիմ Չիգաևը և Կրիշնան Սաշիկիրանը: Հայկ Մարտիրոսյանը առաջատարներին զիջում է կես միավորով: Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 2-ական, Շանթ Սարգսյանը՝ 1.5, իսկ Արամ Հակոբյանը՝ 1 միավոր:
Փետրվարի 23-ին A և B մրցաշարերում տեղի կունենան 4-րդ և 5-րդ տուրերը: 4-րդ տուրի մեկնարկը Երևանի ժամանակով 10.30-ին, իսկ 5-րդինը՝ 16.30-ին:
B մրցաշարում մեր մասնակիցներից 3-րդ հաղթանակն է տարել Հովիկ Հայրապետյանը, ով այժմ 3 միավորով Ստանիսլավ Բոգդանովիչի հետ գլխավորում է աղյուսակը:
Տիգրան Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը և Էլինա Դանիելյանը վաստակել են 2.5-ական միավոր: Ռաֆայել Վահանյանն իր ակտիվում ունի 1 միավոր:
Իսկ C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը տոնել է 3-րդ հաղթանակը և մրցաշարի երկու առաջատարներին զիջում է 1 միավորով:
Հաղորդում է armsport.am-ը։