Աջափնյակի մետրոն կկառուցվի, կասկածողներ թող չլինեն

Հրապարակող՝

,

Ամենադիտվածներ

Ըստ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից մեկն է, որի միայն պարզ փորձաքննությունը տեւել է 1 տարուց ավելի։ Եւ քանի որ առաջին անգամ են իրենք նման մասշտաբի նախագիծ իրականացնում, ուստի որոշակի լրացուցիչ ժամանակ է պահանջվում նախագիծը կյանքի կոչելու համար։ Ավինյանը նշում է, որ 2025 թ․ բյուջեով «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին հատկացված գումարների մի մասն ուղղվել է 45 նոր տրոլեյբուսների գնմանը։ Ոլորտային նույն ուղղությամբ գումարների մի մասը ծախսելով՝ Երեւանի քաղաքապետարանն ակնկալում է հաջորդ տարի 12 մետրանոց նոր տրոլեյբուսներով կարգավորել ուղեւորափոխադրումների խնդիրը։ Միաժամանակ քաղաքապետը նշում է, որ հաջորդ տարի եւս գումար է հատկացվել Աջափնյակի մետրոյի նախագծին, որպեսզի ավելի որակյալ աշխատանք տարվի եւ ՀՀ կառավարության հետ համատեղ լուծվեն կառուցման գործընթացի ընթացակարգային խոչընդոտները։

Ի՞նչ կարելի է ասել Ավինյանի մեկնաբանությունների կապակցությամբ։ Ակնհայտ է, որ հանրությունը կշեռքի մի նժարի վրա դնում է Աջափնյակի մետրոյի կայարանի ռազմավարական արժեքը, իսկ մյուս նժարի վրա՝ 45 տրոլեյբուսների շահագործումից ակնկալվող արժեքը, ու եզրահանգում, որ երկու ծրագրերի միջեւ հավասարության նշան հնարավոր չէ դնել։ Նման մոտեցումն ուղղակի անլուրջ է թվում եւ ծաղրի առիթ դառնում բոլոր տրամաբանող մարդկանց համար։

Սակայն, այս մեկնաբանությունները լավագույնս ցույց են տալիս, թե ինչ դժվարին վիճակում են հայտնվում բոլոր պոպուլիստները, երբ գալիս է տրված մեծ խոստումներին պատասխան տալու ժամանակը։ Կար մի ժամանակ, երբ ՀՀ վարչապետն, օրինակ, մեր երկրի զարգացման այն ծրագրից էր խոսում, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես «Նյու Վասյուկի»։ Այդ օրը Փաշինյանը հայ հանրությանը համոզում էր, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանն ունենալու է մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, 10 մլրդ դոլար եւ ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն, առնվազն 10 հազար աշխատող ստարտափ եւ այլն։

Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծի տապալումն այսօր հենց այն առիթն է, որով պետք է հայ հանրության մի մասին «շնորհավորել» քաղցր ստերին տուրք տալու համար։ Ամեն օր իշխող վարչախումբը հայ ժողովրդին կերակրում է թուրք ու ադրբեջանցի ժողովուրդների հետ բարեկամության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առեւտրի «քաղցրության» մասին։ Հայության այդ շերտը ինչպես 5 տարի առաջ, երբ Փաշինյանը ներկայացնում էր իր «Նյու Վասյուկի» ծրագիրը, ինչպես 50 կամ 100 տարի առաջ հայ բոլշեւիկներն իրեն կերակրում էին «ուրիշ թուրքերի» հեքիաթով, այսօր եւս հավատում է այդ քաղցր ստերին ու սեփական ոտքերով գնում կառափնարան։ Քաղցր սուտը միշտ հաճելի է դառը ճշմարտությունից։ Ու քանի դեռ հայ հանրությունը չի մշակել պաշտպանական մեխանիզմներ քաղցր ստերից իրեն պաշտպանելու համար՝ կանգնելու է «կոտրած տաշտակի առաջ»՝ մտածելով ոչ միայն օրվա հացը վաստակելու, այլ նաեւ՝ հարեւան գազաններից պաշտպանվելու մասին։

Ամենաթարմ