ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ԱԻՆ-ի ստեղծման օրվա առթիվ։
Ուղերձն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության սիրելի՛ աշխատակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման օրվա առթիվ։ 12 տարի առաջ այս օրը ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել և շարունակում է լինել մարդասիրությունը։ ԱԻՆ-ն իր կարգախոսը վաղուց անխախտ գործելաոճի է վերածել՝ «Ձեզ հետ, ձեր կողքին՝ ցանկացած իրավիճակում»։
Այս տարիների ընթացքում նախարարության աշխատակիցների նվիրական աշխատանքի արդյունքը դժվար իրավիճակների հաղթահարումն ու բազմաթիվ փրկված կյանքերն են, իսկ լավագույն գնահատականը՝ ժողովրդի վստահությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կուռ համակարգ է, որն իր մեջ ներառում է արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունները։
Այսօր ԱԻՆ-ը գործակցության լայն աշխարհագրություն ունի, որը ձեռքբերումների ու համալրումների համար իրական հարթակ է ստեղծում։ ԱԻՆ-ը պարբերաբար թարմացնում է ունեցած տեխնիկան ու սարքավորումները, վերապատրաստում կադրերին՝ դարձնելով առավել պատրաստված։
Բազմիցս եմ նշել, որ արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատակից փրկարար է՝ կոչված ծառայելու մեր երկրին ու մեր ժողովրդին։ Սրտացավ ու արհեստավարժ մոտեցում՝ սա է մեր աշխատանքի հաջողության գրավականը։
Սիրելի՛ փրկարարներ,
բարի և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ։ Ձեր անձնվիրական ծառայությունը մեր ժողովուրդը գնահատում է: Անսահման հաջողություններ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:
Խիղճ և խաղաղություն բոլորիս․․․», – ասված է ուղերձում։