Որպես նախկին լրագրող՝ ես լրջագույն մտահոգություն ունեմ, որ մենք որևէ կերպ չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը, որ այդ աշխատանքային խումբը կամ ստեղծվող օրենսդրական նախաձեռնությունը չդառնա «դամոկլյան սուր» լրատվամիջոցների գլխին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկուման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա շեշտեց, որ այս խնդիրն ակտուալ է և կարևոր:
«Այսօր, ցավոք սրտի, ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է նաև ռեալ կյանք. ի՞նչ մեթոդներով է հնարավոր այն կարգավորել: ԵԽԽՎ-ն երկու տարի է փորձում է սոցիալական մեդիայում ատելության խոսքի կարգավորման օրենսդրական ուղիներ փնտրել, որովհետև Եվրոպայում ևս այսօր դա լրջագույն խնդիր է»,-ասաց նա:
Հիմնական զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որտեղ ընդգրկված են լինելու պատգամավորներ, սակայն սա լինելու է ավելի մեծ հարթակ, որտեղ ներգրավելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և կառավարության ներկայացուցիչներին՝ իրենց մոտեցումները ներկայացնելու նպատակով:
«Կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել և, եթե չեմ սխալվում, խորհրդարան է ուղարկել բռնության կոչերի քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծ, որը ևս կդառնա այս աշխատանքային խմբի քննարկման առարկա»,-ասաց նա:
Խանդանյանի խոսքով՝ փորձել են ուսումնասիրել միջազգային փորձը, ՄԻԵԴ-ի որոշումները և կարծիքները ևս ուսումնասիրության առարկա են դառնալու:
«Նախատեսել ենք, որ աշխատանքային խումբը գործելու է վեց ամիս: Աշխատանքային խմբի անդամների թիվը կլինի 11»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ատելության խոսքը, բռնության կոչն այսօր ուղղակի մեր երկրի ամենալրջագույն մարտահրավերներից մեկն է:
«Որպես նախկին լրագրող՝ ես լրջագույն մտահոգություն ունեմ, որ մենք որևէ կերպ չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը, որ այդ աշխատանքային խումբը կամ ստեղծվող օրենսդրական նախաձեռնությունը չդառնա «դամոկլյան սուր» լրատվամիջոցների գլխին: Իմ միակ խնդիրն այն է, որ մենք կարևոր մարտահրավեր լուծելու համար Հայաստանում որևէ կերպ չվտանգենք խոսքի ազատությունը»,-նշեց նա:
Դրան պատասխանելով՝ Խանդանյանն ասաց, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և որոշ դրսևորումներ, որոնք թվում է, թե բխում եմ խոսքի ազատությունից, այնուամենայնիվ, կարող են հենց ինքնին վտանգել խոսքի ազատությունը:
«Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ որևէ ասված խոսք, որը ինչ-որ մեկին դուր չգա, միանգամից չպետք է դիտարկել ատելության խոսք, և այդ մարդկանց չտանել, նստացնել, այլ պետք է սահմանվեն այն սկզբունքներն ու սահմանումները, թե ի՞նչը կարող է համարվել ատելության խոսք և դրանից ո՞ր մասը կարող է քրեական դաշտ տարվել»,-ընդգծեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ։
«Այո, որտեղ վերջանում է իր իրավունքը, սկսում է քո իրավունքը, բայց քանի որ, պարոն Խանդանյան, Դուք արդեն նշեցիք, որ աշխատանքային խումբը կտա բոլոր հարցերի պատասխանները… ինձ համար լուծում չունեն, օրինակ, ֆեյք օգտատերերը, որոնք այսօր ատելության, բռնության կոչերի հիմնական մունետիկներն են: Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ բազմաթիվ ֆեյք օգտատերեր այս կամ այն պետական գերատեսչության ուղղորդմամբ են գործում»,- ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ այդ ամենը հնարավոր կլինի քննարկել աշխատանքային խմբում: