Հայաստանի բնակչության կեսից ավելին կանայք են, ավելին՝ կրթություն ստացած կանայք թվապես գերակշռում են կրթված տղամարդկանց: Չնայած այս փաստին տվյալները ցույց են տալիս, որ կանայք ավելի ցածր պաշտոններ են զբաղեցնում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովում իր ելույթի ժամանակ:
Կից ներկայացնում ենք ելույթն՝ ամբողջությամբ.
«Հարգելի՛ տիկնայք պատգամավորներ,
հարգելի՛ գործընկերներ,
թույլ տվե՛ք նախ և առաջ գոհունակությունս հայտնել որպես Հայաստանի նորընտիր խորհրդարանի անդամ՝ Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովի մաս կազմելու կապակցությամբ: Հույս ունեմ նպաստելու այս կարևոր հարթակի աշխատանքներին:
Ինչպես գիտեք, 2018 թվականի գարնանը հայ ժողովուրդն իր անկոտրում կամքը դրսևորեց խաղաղ, ոչ բռնի հեղափոխությամբ: Հայերս սիրում ենք այն անվանել Թավշյա հեղափոխություն կամ հեղափոխություն` հայկական ձևով:
2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բոլոր հայտնի միջազգային կազմակերպությունների, տեղական դիտորդների, ինչպես նաև քաղաքական մրցակիցների կողմից դրանք ճանաչվեցին որպես աննախադեպ, ամենաազատ, ամենաարդար, ամենաթափանցիկ և ամենաժողովրդավարական ընտրություններ, որ երբևիցե անցկացվել են մեր երկրում:
Նոր խորհրդարանը գումարեց իր անդրանիկ նիստը 2019 թվականի հունվարին:
Մինչ աշխատավայրում հավասարության հարցերի մասին խոսելը ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ հայ կանայք առանցքային դեր են ունեցել խաղաղ փոփոխության հասնելու հաջողության մեջ: Բացառիկ փաստ է, որ հազարավոր հայ կանայք, շուրջ 40 օր քայլելով փողոցներում, պայքարում էին ոչ միայն կառավարության փոփոխության, այլ նաև ավանդական, նահապետական հասարակության մեջ իրենց իրավունքների համար:
Քաղաքական դաշտի փոփոխությունից հետո առավել բարձրակարգ կին մասնագետներ ներգրավվեցին հանրային հատվածի ղեկավար պաշտոններում. ավելացավ կին պատգամավորների թիվը, ունեցանք առաջին կին քաղաքապետը, մի շարք կին փոխմարզպետներ և պետական հիմնարկների ղեկավարներ:
Հարգելի գործընկերներ,
լայնորեն ընդունված տեսակետ կա, որ համալսարանական կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի տղամարդկանց և կանանց: Սակայն, երբ խոսքը վերաբերում է զբաղվածությանը, աշխատատեղերի հասանելիության հավասարության ցուցիչը սկսում է տատանվել: Հայաստանի բնակչության կեսից ավելին կանայք են, ավելին՝ կրթություն ստացած կանայք թվապես գերակշռում են կրթված տղամարդկանց: Չնայած այս փաստին տվյալները ցույց են տալիս, որ կանայք ավելի ցածր պաշտոններ են զբաղեցնում: Տարիների ընթացքում հանրային հատվածում աշխատող կանանց թիվն ավելացել է տղամարդկանց թվից, այդուհանդերձ կանայք հիմնականում որոշում չկայացնողների դերում են եղել: Դրանից զատ, կանանց պարագայում գործազրկության ցուցանիշն ավելի բարձր է:
Աշխատավայրում ընտանեկան պարտականություններ ունեցող հղի կին աշխատողների նկատմամբ խտրականությունը տարբեր ձևերով է հանդես գալիս՝ հանգեցնելով աշխատանքային իրավունքների ոտնահարման: Աշխատանքը պահպանելու երաշխիքների բացակայությունը ստիպում է շատ կանանց երկընտրանքի առջև կանգնել՝ աշխատե՞լ, թե՞ ծննդաբերել, այլ կերպ ասած` աշխատանքայի՞ն, թե՞ վերարտադրողական գործառույթն իրականացնել:
Գործընկերներ,
ինչպիսի՞ լուծում կարող ենք առաջարկել այս խնդիրներին: Ճկուն աշխատաժամեր, կես դրույքով աշխատանքի առկայություն, երեխա ունենալու դեպքում մոր կամ հոր համար արձակուրդի ապահովում. այս ամենը դրական ազդեցություն է ունենում աշխատաշուկայում կանանց ներգրավվածության վրա: Բացի այդ, իմ կարծիքով՝ մեր աշխատանքը պետք է նախ և առաջ ուղղված լինի կրթության միջոցով մտածելակերպի փոփոխությանն ու իրազեկվածության բարձրացմանը: Սա թույլ կտա կանանց «ստվերից դուրս գալ» և զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ, ինչը, իր հերթին, ենթադրում է առավել ակտիվ մասնակցություն քաղաքականության ասպարեզում:
Շնորհակալություն ուշադրության համար»: