ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։ Դրանց արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հարցերից մեկը վերաբերել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին: Այս մասին հաղորդում է Ruptly-ն։
«Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե ես սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ: Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակիցն է, որը կարևոր է մեր հավաքական պաշտպանության և ընդհանուր առաքելությունների համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է նա լրագրողներին:
Մեկնաբանելով Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում՝ Ստոլտենբերգը ասել է, որ Թուրքիան հիմնավոր մտահոգություններ ունի անվտանգության հետ կապված, սակայն ինքն ակնկալում է, որ երկրի գործողություննսերը զսպված կլինեն։
«Մենք մեկ ընդհանուր թշնամի ունենք, և դա Դաեշն է»,-հավելել է նա։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի և Թուրքիայի համագործակցությանը՝ Ստոլտենբերգը նշել է, որ իրենք աջակցում են Թուրքիային՝ ընդլայնելով օդային ու ծովային ներկայությունը:
«Այս տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ավելի քան 5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի ռազմական օբյեկտներում, ներառյալ կարևոր ենթակառուցվածքը, ինչպիսիք են՝ ռազմածովային բազաները և ռադիոտեղորոշիչ կայանները»,-նշել է նա: