«Յուվենթուսի» կազմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների կարգավիճակի մասին է խոսել Մասիմիլիանո Ալեգրին:
«Կրիշտիանուն աշխատում է և մենք հուսով ենք, որ նա կարող է հասցնել ապաքինվել մինչև «Այաքսի» դեմ կայանալիք հանդիպումը: Մի փոքր բարդ կլինի: Այսօրվա հետազոտության արդյունքում նրա ոտքը համեմատաբար արդեն ավելի լավ վիճակում է գտնվում:
Խաղին դեռ 9 օր կա, ժամանակ ունենք, որպեսզի գնահատենք նրա կարգավիճակը: Հիմա նա անում է այն, ինչ ներկա պահին նրան թույլատրվում է: Դա նորմալ է, քանի որ նա պետք է զգույշ լինի:
Դուգլաս Կոստան լավ մարզավիճակում է և կարող է խաղալ: Խեդիրան այսօր մարզվել է և շարք կվերադառնա արդեն «Միլանի» դեմ ապրիլի 6-ին կայանալիք խաղին:
Կուադրադոն մարզվում է աշխատանքային ռեժիմով, նրա վերադարձը ժամանակի հարց է: Մանջուկիչը տաքություն ունի, նրա հնարավորությունները կգնահատենք ավելի ուշ»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Mirror-ը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ազդրի վնասվածք էր ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հավաքականի դեմ կայացած խաղում։