Օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Ոստիկանության ՊՊԾ գունդ աշխատանքային այց են կատարել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը:
Արմենպրեսից տեղեկանում ենք, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում ցանկացած տեսակի արձանագրության կազմման համար նախատեսվում է ամբողջությամբ անցում կատարել համակարգչային ծրագրային ապահովման:
Ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ով նշել է, որ բացասական արձագանքներից է եղել վթարների արձանագրությունների ոչ այնքան արագ կազմումը, առաջին երկու շաբաթում խաչմերուկների կարգավորումների հետ կապված դժվարությունները՝ այդ խնդիրները կապելով փորձառության հետ, որոնք արագ փորձում ենք շտկել։

Պարեկային ծառայության լեյտենանտ Չոբանյանը հյուրերին ներկայացրեց նոր մեքենաների կահավորանքը: Նա ընդգծեց, որ մեքենայում կա ժապավեն պատահարների դեպքում տարածքը սահմանազատելու համար, հարվածային գործիքներ, մետր, կրակմարիչ, դեղատուփ, ճանապարհային ոզնի, ապակի կոտրելու, ամրագոտին կտրելու սարքեր, պահպանման տոպրակ, ալկոմետր, ապակիների ստուգման սարք և այլն:
Լին Թրեյսին և Յան Պլեշինգերը հետաքրքրությամբ ուսումնասիրում էին մեքենաների հագեցվածությունը, դիտարկումներ անում, ինչպես նաև ծանոթանում ծառայողների աշխատանքի մանրամասներին: Խոսվեց նաև տպիչ սարքերի անցում կատարելու մասին, ինչի վերաբերյալ Արդարադատության փոխնախարարը շեշտեց, որ դրանք նախատեսված են լինելու ալկոհոլի օգտագործման արձանագրությունները կազմելու համար: Այժմ ալկոմետրով կստուգվի վարորդի սթափությունը, թերմոտպիչի միջոցով էլ կտպվի օգտագործած ալկոհոլի աստիճանն ապացուցող կտրոնը, որը թղթային ձևով կկցվի նաև արձանագրությանը:

Մշակվել է նաև համակարգչային ծրագրային ապահովում (software), որի շնորհիվ պարեկների մոտ առկա պլանշետների միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային արձանագրություններ կազմել:
Ճանապարհային երթևեկության արձանագրությունների մեծ մասը կազմվում է հենց այդ եղանակով՝ առանց թղթի:
Խոսելով Պարեկային ծառայության ոստիկաններին ամրացված ռետինե մահակների մասին, Գրիգորյանն ասել է, որ տարբեր մահակներ կան, տարբեր ֆունկցիոնալության, այդ իսկ պատճառով մտադրություն ունեն օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի նոր ձեռքբերված պոլիկարբոնատային մահակները կիրառել օրինական ձևով։

