Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում մարդատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Pajwak գործակալությունը:
«Կիրակի օրը տեղի պաշտոնյաները հայտնել են, որ հնդկական մարդատար ինքնաթիռը կործանվել է Բադախշանի լեռնային շրջաններում»,- պարզաբանվում է նյութում։
Ինչպես հայտնում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, Աֆղանստանում անհետացած Falcon 10 ինքնաթիռը գրանցված է Ռուսաստանի քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրում։ Հստակեցվում է, որ նախորդ գիշեր այն դադարեցրել է հաղորդակցությունը և անհետացել ռադարների էկրաններից՝ գտնվելով Աֆղանստանի օդային տարածքում (Տաջիկստանի սահմանի մոտ)։
Օդանավը շտապօգնության չարտերային թռիչք էր կատարում Գայա (Հնդկաստան) – Տաշքենդ – Ժուկովսկի երթուղով։
«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր», – ավելացրել են գերատեսչությունում։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը կապի մեջ է Աֆղանստանի և Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ, և ներկայումս օդանավի որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Անհետացած Falcon 10 ինքնաթիռը (գրանցման համարը՝ RA-09011, սերիական համարը՝ 128) արտադրվել է ֆրանսիական Dassault Aviation ընկերության կողմից 1978 թվականին։ Այն պատկանում է «Աթլետիկ գրուպ» ՍՊԸ-ին և անհատ անձի:
Միաժամանակ, Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը պնդում է, որ Աֆղանստանում կործանված «փոքր» ինքնաթիռը գրանցված է եղել Մարոկկոյում։ Գերատեսչությունում ավելացրել են, որ ինքնաթիռը «հնդկական կանոնավոր, ոչ կանոնավոր կամ չարտերային ինքնաթիռ չէ»։
Ըստ Khaama Press-ի՝ ինքնաթիռը շեղվել է իր սկզբնական ընթացքից։
«Բադախշան նահանգի տեղական աղբյուրները հաստատում են, որ ինքնաթիռը շեղվել է սկզբնական ուղուց և բախվել Զեբակի շրջանի լեռնային տեղանքին»,- պարզաբանել է հրատարակությունը։
Բադախշան նահանգի տեղեկատվության և մշակույթի վարչության ղեկավարը Tolo News-ին հայտնել է, որ վթարի վայր է ուղարկվել խումբ՝ հետաքննելու համար։
Ինչպես նշել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, ինքնաթիռը կործանվել է կիրակի առավոտյան։

