Սիդնեյի ոստիկանությունը հետաքննություն է սկսել շաբաթ օրը Փանչբոուլում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ։ Ինչպես հաղորդում են ABC-ն և Nine News-ը, անհայտ անձինք կրակ են բացել Diamond Venues Group հանդիսությունների սրահի ուղղությամբ, որտեղ նախատեսված էր «Կոկոսի կարտելի» (Coconut Cartel) սպանված առաջնորդ Լորենցո Լեմալուի հոգեհանգիստը։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի պահին շենքում մարդ չի եղել, տուժածներ չկան։ Կրակոցներից կարճ ժամանակ անց մոտակա Գիլիան Փլեյս փողոցում հայտնաբերվել է այրված ավտոմեքենա, որը, ըստ նախնական վարկածի, օգտագործվել է հարձակման ժամանակ։
Լորենցո Լեմալուն սպանվել էր Վիետնամի Հոշիմին քաղաքում այս տարվա մայիսի 2-ին։ Նրա մարմինը Ավստրալիա է տեղափոխվել այս շաբաթ։ Լեմալուի ղեկավարած խմբավորումը վերջին ամիսներին ակտիվ հակամարտության մեջ է եղել Ալամեդդին հանցավոր ընտանիքի հետ, ինչը հանգեցրել է Սիդնեյում մի շարք կրակոցների և պայթյունների։
Նոր Հարավային Ուելսի ոստիկանության օգնական-կոմիսար Սքոթ Քուքը հայտարարել է, որ ոստիկանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավոր խմբավորումների գործունեությունը ճնշելու համար։ Այնուամենայնիվ, հուղարկավորության հետ կապված միջադեպը վկայում է քրեական հակամարտությունների շարունակվող սրվածության մասին։ Հուղարկավորության արարողությունը տեղափոխվել է այլ վայր, որտեղ ապահովվելու է ոստիկանության ուժեղացված ներկայությունը՝ հնարավոր նոր բախումները կանխելու համար։

