Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը:
Ինչպես հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում օրեր շարունակ քննարկումների առիթ էր հանդիսացել ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը չհեռարձակելու հարցը:
Նիստի ընթացքում քննարկվել է այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ:
Արդյունքում ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որ օրենքով սահմանված կարգով, և որ մարմինն է լիազորված այն կատարելու նշված չէ, այսինքն՝ առկա է օրենսդրական անորոշություն:
Քննարկելով առկա բոլոր փաստերը հանձնաժողովն արձանագրել է, որ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ՝ հանձնաժողովն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ:
Հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով:
