Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ալավեսի» հետ կայացած Լա Լիգայի 35-րդ տուրի խաղի մասին, որում մադրիդցիները հաղթանակ տոնեցին 2-0 հաշվով։
«Առհասարակ գոլ բաց չթողնելը հնարավոր չէ, բայց մենք հիմա իսկապես շատ քիչ ենք բաց թողնում: Պետք է շարունակենք նույն ոգով, մենք ունենք Կուրտուա, որը լավ մարզավիճակ է հավաքել: Թիմը շատ քիչ է բաց թողնում:
Այս խաղում ես չնկատեցի, որ թիմին պակասում է թարմությունը, հարձակման գծում մենք շատ ակտիվ էինք:
Բենզեման առաջին կեսի վերջնամասում հարված ստացավ, նրա գլուխն էր պտտվում, բայց ամեն ինչ կարգին է:
Ինչ վերաբերում է 3 խաղում 3 11-մետրանոցին. եթե մրցավարը 11-մետրանոց է նշանակում, ուրեմն դա 11-մետրանոց է: Ամենակարևորը գոլ խփելն է, կարևոր չէ՝ ինչ միջոցով:
Մենք պայքարում ենք Լա Լիգայում հաղթանակի համար, բայց մինչև մրցաշրջանի ավարտը 3 խաղ կա, և մենք չգիտենք՝ ամեն ինչ ինչպես կդասավորվի:
Հիմա մենք պետք է մի փոքր հանգստանանք, չնայած հաղթանակները հենց լավագույն հանգիստն են», – Զիդանի խոսքերը փոխանցում է Marca-ն: