fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից. Հասան Ռոհանի

ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խորհրդարանում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որն Իրանում սկսվում է մարտի 21-ին:

«Եթե երկրում ավելի ակտիվ դեր խաղար մասնավոր սեկտորը, և գործերը հիմնականում ընկած լինեին մասնավոր սեկտորի ուսերին, այսօրվա դրությամբ պատժամիջոցների ազդեցությունը երկրի վրա զգալիորեն ավելի պակաս կլիներ: Եթե բյուջեի բեռը չդրվեր նավթի վրա, պատժամիջոցների ազդեցությունը միանշանակ ավելի պակաս կլիներ»,-ասել է Ռոհանին, որի խոսքը ներկայացվում է նրա պաշտոնական կայքում:

Ռոհանին նշել է, որ այն գործոններից մեկը, ԱՄՆ-ի պատժամիջոցներից զատ, որոնք ազդում են երկրի իրադրության վրա, նրա հին տնտեսական համակարգն է: Նա ասել է, որ երկրի ճիշտ ձևավորված տնտեսական կառուցվածքն իշխանություններին թույլ կտար բյուջեն մշակել՝ առանց հաշվի առնելու նավթային եկամուտները: Իրանը նավթ արդյունահանող և արտահանող խոշորագույն երկրներից մեկն է աշխարհում թվում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաև հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին և դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին և Թուրքիային: Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ