Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են սկսել Սիրիայի կառավարական բանակի այն դիրքերի վրա, որոնք գիշերը ավիահարվածների են ենթարկվել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը:
Խոսքը Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ գտնվող աս-Սումարիայի բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի դիրքերի մասին է: Հարձակումը, ըստ սիրիական աղբյուրի, սկսվել է Բագուզ գյուղի կողմից. զինյալները մոտեցել են սիրիական ռազմական ենթակառուցվածքներին: Մարտերի արդյունքում, սակայն, նրանց մեծ մասը, ըստ սիրիական կողմի, «չեզոքացվել է»:
Հիշեցնենք, որ գիշերը սիրիական կողմը տեղեկություններ էր տարածել, ըստ որոնց՝ ԱՄՆ կողմից գլխավորվող կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական բանակի հրետանային դիրքերից մեկին. հրետանային կայանը շարքից դուրս է եկել, երկու զինծառայող էլ վիրավորվել է: