Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք Մայք Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ որ ռազմական լուծում չկա, որ անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնևում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաև պետք է որոնել քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիները:
«Մոսկվայի կարծիքով՝ քրդերին ներգրավելն առաջին հերթին պետք է ընթանա Դամասկոսում կենտրոնական կառավարության հետ նրանց շփումների հաստատմամբ»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմն այս մասին խոսում է քրդերի հետ՝ ցույց տալով, որ սա Սիրիայում թե՛ քրդերի, թե՛ մյուս էթնիկ և դավանաբանական խմբերի շահերի ապահովման միակ հուսալի ճանապարհն է: