ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Էլիզաբեթ Ուորրենն ընտրվելու դեպքում մտադիր է 3 տրիլիոն դոլար հատկացնել շրջակա միջավայրը փրկելու համար: Այս մասին հաղորդում է FoxNews-ը:
Երկիրը փրկելու նրա ծրագիրը նախատեսում է հաջորդ 10 տարիների ընթացքում մաքուր էներգիայի օգտագործում: Դա ենթադրում է զրոյական արտանետումներ և մաքուր էներգիա ավտոմեքենաների, շենքերի, արտադրողների և այլնի համար:
«Համաշխարհային առաջատար փորձագետները վաղուց գիտեն, որ կլիմայի փոփոխությունն առաջացրել է մարդը, և այդ գործընթացը թափ է հավաքում: Մենք արդեն տեսնում ենք դրա հետևանքները՝ ռեկորդային ջրհեղեղներ, ավերիչ անտառային հրդեհներ, փոթորիկներ, որոնք կյանքեր են խլում, վնաս հասցնում միլիարդավոր դոլարների չափով… Սա արտակարգ իրավիճակ է, և առանց արագ և մասշտաբային փոփոխությունների անհնար է կանխել վատագույն սցենարը»,- նշել է նա:
Ուորրենն ընդգծել է, որ հավելյալ 1 տրիլիոն դոլար կհատկացնի 10 տարվա ընթացքում և որ դրա համար կչեղարկի «ամենահարուստների և հսկայական կորպորացիաների» համար հարկերի նվազեցման մասին Թրամփի հրամանագիրը:
ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ իր ծրագիրը կառավարության համար կարժենա 3 տրիլիոն դոլարի չափով դաշնային ներդրումներ և կներգրավի մասնավոր ներդրումներ ու կստեղծի միլիոնավոր աշխատատեղեր:
