fbpx
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան` ընդգծելու համար ԱՄՆ հավատարմությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործին: Ինչպես հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը, տարածաշրջանի երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակը նշելով` Դոնֆրիդը կընդգծի ԱՄՆ աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը` միաժամանակ շեշտելով ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի իրավունքը` հարթելու սեփական ուղին:

Նա նաև կընդգծի ԱՄՆ պատրաստակամությունը՝ օգնել Հարավային Կովկասում տևական խաղաղություն կառուցելուն, այդ թվում` աջակցելով քաղաքական, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների միջև շփումներին ողջ տարածաշրջանում:

Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Նա ԱՄՆ աջակցությունը կհայտնի Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը, կընդգծի ամուր գործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև փոխադարձ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:

Հայաստան կատարելիք այցից առաջ՝ հունիսի 15-16-ը, Դոնֆրիդը կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 17-ին՝ Վրաստանում: Ադրբեջանում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, Վրաստանում` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ