Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Սենատի կոմիտեն լրացում է ընդունել, որն ուղղված է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն: Միջոցները կտրամադրվեն՝ ի աջակցություն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների: Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Լրացման հեղինակները Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենն են: Նշվում է, որ այն միաձայն ընդունվել է Սենատի կողմից։ Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման։ Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։
Սենատը նաև անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։