ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը:
Նշվում է, որ ամերիկյան կողմի հրավերով ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն փետրվարի 21-22-ին այցով կգտնվի Վաշինգտոնում՝ մասնակցելու առևտրական հարցերի շուրջ ամերիկա-չինական բանակցությունների յոթերորդ փուլին: Ամերիկյան կողմից բանակցորդները, ինչպես և առաջ, կլինեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:
Նաև նշվում է, որ Լյու Հեն ԱՄՆ- է ուղևրորվում որպես ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հատուկ դեսպանորդ: Բարձր մակարդակով ամերիկա-չինական առևտրական բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 14-15-ին Պեկինում:
Ինչպես բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտնել է Սպիտակ տունը, «հանգամանալի և ինտենսիվ բանակցությունները բերել են առաջընթացի, բայց դեռևս մեծ ծավալի աշխատանք կա անելու», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: