Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրային հարաբերություններում այնտեղ է, որտեղ ցանկանում է լինել այն բանից հետո, ինչ վաշինգտոնյան վարչակազմը ուրբաթ բարձրացրեց չինական արտադրանքի մաքսատուրքերը։ Այս հայտարարությունը Դոնալդ Թրամփը տեղադրել է Թվիթերյան իր էջում։
«Մենք հենց այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել Չինաստանի հետ հարաբերություններում։ Հիշեք, որ նրանք խախտել են մեզ հետ պայմանավորվածությունները եւ փորձել վերանայել պայմանները։ Մենք Չինաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ կվերցնենք տուրքերով։ Չինական արտադրանք արտահանողները կարող են իրենք արտադրել այն ԱՄՆ-ում իդեալական տարբերակով կամ ներմուծել այն երկրներից, որոնց վրա տուրքեր չեն դրվում»,- գրել է նախագահը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը տուրքերից ստացված միջոցները կուղարկի գյուղատնտեսության զարգացմանը։ Դրանից ստացված արտադրանքի մի մասը «կբաժանեն» սովյալ երկրներին ողջ աշխարհում»,- ամփոփել է պետության ղեկավարը։
Թրամփն ուրբաթ ասել էր, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը մտադիր են շարունակել առեւտրային բանակցություները, չնայած ամերիկյան կողմից չինական ապրանքների համար տուրքեր մտցնելուն։ ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ սակագները «կարող են հանվել կամ չհանվել՝ կախված այն բանից, թե ինչպես կընթանան բանակցություններն ապագայում»։ Նա նաեւ հանձնարարել է լրացուցիչ տուրքեր մտցնել եւս 300 մլրդ դոլարի չինական ապրանքների վրա։
Մայիսի 5-ին Թրամփը տեղեկացրել էր, որ մայիսի 10-ից ամերիկյան տուրքերը չինական արտադրանքի հանդեպ բարձրացվելու են, քանի որ Չինաստանի հետ առեւտրատնտեսական բանակցությունները «շատ դանդաղ են ընթանում»։ Մայիսի 7-ին բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հաստատել է, որ Պեկինը հեռանում է պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ առեւտրային հարցերով խորհրդակցությունների ժամանակ։