fbpx
Էկո

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը դիմել է Նիկոլ Փաշինյանին

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարածած հայտարարությանն ու դիմել վարչապետ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»:

«Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։

Անդրադառնալով այս հայտարարությանը, մենք կոչ ենք անում Վարչապետին՝ հարգա՛նք պահանջել տվյալ կազմակերպությունից՝ մեր կառավարության անաչառության և անկողմնակալության վրա կասկած արտահայտող դիմումի համար։ Զուգահեռ ճշտել` այդ դիմումը իրենք կազմել են ինքնակա՞մ, թե՞ Ամերիկայի քաղաքական թևը ծանոթ է և խրախուսում է տվյալ դիմումի բովանդակությունը։

Արտաքին ցանկացած ճնշում մենք դիտարկելու ենք որպես ոտնձգություն մեր ինքնիշխանության և ազատության վրա, անկախ ճնշողի կարգավիճակից։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հետևելու է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկելու է ակտիվ գործողություններ։ Մենք սատարելու ենք կառավարության որոշումն այս հարցում այնքան ժամանակ, որքան այն կլինի անաչառ և հաստատակամ, հակառակ պարագայում նման հայտարարությունները կարժանանան ուղի՛ղ բոյկոտի և համապատասխա՛ն քայլերի։

Կոչ ենք անում տարածել այս գրառումը, և կոչ ենք անում ակտիվանալ Ամերիկայի Հայ համայնքին։ Ամերիկայում գտնվող հեղինակավոր հայ մարդիկ թող իրենց կարծիքը բարձրաձայնեն և իրենց աջակցությունը ցույց տան այս հարցում։

Ոչ ոք իրավունք չունի՛ հանուն իր տնտեսական շահի զոհել Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը, ոտնահարել քաղաքացիների որոշումը և պարտադրել հակառակը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ