ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
Ըստ նախագծի՝ երեք նոր անցակետերը կտեղաբաշխվեն Գեղարքունիքի մարզում՝ Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան), Արարատի մարզ՝ Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային), Սյունիքի մարզ՝ Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային) հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր անցման կետերի շինարարական և կահավորման աշխատանքների իրականացման համար: