Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում «Արարատյան վերելք – 190» խորագրով հոբելյանական միջոցառումների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվել է «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթը:
Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի Արարատ լեռ բարձրանալու ուխտագնացությունից անցել է ուղիղ 190 տարի: Այն նաև առաջին գիտական ուսումնասիրությունն էր և բիբլիական առասպելից հետո առաջին վերելքը:
Ցուցահանդեսի արդյունքներն ամփոփվել են թանգարանի բակում կազմակերպված բացօթյա միջոցառմամբ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել հետաքրքիր և քաղաքի կենտրոնից հեռու՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում մշակութային կյանքը աշխուժացնելուն միտված նախաձեռնություններին:
Առաջին երեք լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են և ստացել հատուկ մրցանակներ:
Երեկոն շարունակվել է Աբովյանենց պատմական պատշգամբում Վահագն Հայրապետյան ջազային քառյակի համերգային ծրագրով:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: