fbpx
Արցախ

Time պարբրականը անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շրջափակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած Լեռնային Ղարաբաղի շրջանը: Մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Նոր տարին, տարածաշրջանի ավելի քան 120000 հայ բնակիչներ՝ իրենց հայրենիքում, շրջապատված հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով, կտրվեցին աշխարհից, գրում է Time պարբերականը։ Ներկայացնում ենք հոդվածը՝ հատվածաբար:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց «բնապահպան ակտիվիստներ» են համարում, արգելափակել են Լաչինի միջանցքը, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ լեռնային ճանապարհն է: Ժամանակին տարածաշրջանն օրական ստանում էր 400 տոննա սննդամթերք և բժշկական պարագաներ, այժմ, լավագույն դեպքում, մի քանի վագոն բեռ է ստանում: Հիվանդանոցներն անորոշ ժամանակով հետաձգել են վիրահատությունները, երեխաները քաղցած են մնում, վառելիքի սուր պակաս կա, քանի որ ջերմաստիճանը -4°C-ից ցածր է, ընտանիքներն այրում են թափոնները՝ տները տաքացնելու համար:

Հայերը՝ ժողովուրդ, որն Օսմանյան կայսրության օրոք դաժան ցեղասպանության է ենթարկվել, 21-րդ դարում կոլեկտիվ պատժվում է՝ վտարվելով իրենց տներից:

Լեռնային Ղարաբաղը, որը պատմականորեն հայկական տարածք է, հայերին հայտնի է որպես Արցախ։ Չնայած իր պատմությանն ու ժողովրդագրությանը, Իոսիֆ Ստալինն այն 1921 թվականին հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, կիրառելով ազգային ու էթնիկական համախմբված համայնքները ոչնչացնելու կայսերական մեթոդը՝ բնակչության տարբեր խմբերին վերահսկողության տակ պահելու համար:

1988-ին հանրաքվեով արցախցիները ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը լուծարելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու և իրենց հայկական ինքնությունը հաստատելու համար։

Ինքնորոշման այս համարձակ արարքը հանգեցրեց հայերի կոտորածների: ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախը հայտնվեց Ադրբեջանի ժառանգած խորհրդային սահմաններում։ Հայերը, սակայն, հաղթեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի Առաջին պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը, երբ տարածաշրջանը հռչակեց իր ինքնավարությունը։ Այնուհետև՝ 2020 թվականին, COVID-19 համաճարակի գագաթնակետին, Ադրբեջանը սկսեց անսպասելի հարձակում, որն այժմ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմ՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և աջակցությամբ։

Ադրբեջանը ցանկանում էր հող ստանալ՝ առանց այնտեղ բնակվող մարդկանց: Մարտի դաշտում նրա նվաճումներին հաջորդեցին հայոց պատմության բոլոր հետքերը ոչնչացնելու անողոք ջանքերը։ Այն ժամանակ, երբ Հայաստանն իր մայրաքաղաքում պահպանում է միջնադարյան մզկիթը, հիանալի հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ և ողջունում է բոլոր դավանանքների մարդկանց, Ադրբեջանը սկսել է այլանդակել ու ավերել հայկական եկեղեցիներն այն տարածքում, որը զբաղեցրել է: Հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մարդասիրական աղետը, որին մենք այժմ ականատես ենք լինում, կամ, ավելի ճիշտ, աշխարհը հրաժարվում է ականատես լինել, էթնիկ զտումների դասագրքային ակտ է: Ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Genocide Watch-ը, խստորեն նախազգուշացրել են, որ Ադրբեջանի շրջափակումը «համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի, նախատեսված է միտումնավոր ստեղծել կյանքի պայմաններ, որոնք պետք է ամբողջությամբ կամ մասնակի վերացնեն ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից ճանաչված վայրագությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են»:

Արցախի հայերի միակ փրկօղակն այն նեղ ճանապարհն է, որը նրանց կապում է Հայաստանի հետ։ Պատմությունը՝ հայոց պատմությունը, մեզ սովորեցնում է, որ ցեղասպանության արշավների հաջողությունը միշտ կախված է աշխարհի լռությունից: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը բարձրաձայնի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ