ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ հաղթանակի օրը տոն է, որը միավորում է ամբողջ քաղաքակիրթ հասարակությանը: Այն կարևոր է ոչ միայն ԱՊՀ և հետխորհրդային երկրների, այլ նաև ամբողջ աշխարհի բոլոր պետությունների համար:
Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր: Ընտանիքում պահպանվել են միայն մի քանի լուսանկարներ և փոքրաթիվ պատմություններ նրա մասին: Նիկոլ Փաշինյան ավագի մասին հայտնի է, որ նա 138 դիվիզիայի 554 հրաձիգային գնդի սերժանտ էր:
Վարչապետի խոսքով՝ փաստաթղթերից մեկում նշված է եղել, որ նա զոհվել է 1943 թվականի փետրվարին, այլ փաստաթղթեր վկայում են, որ նա անհետ կորել է. վարկածներից մեկով՝ Ստալինգրադում, մյուսով՝ Ղրիմում:
«Ռազմաճակատում զոհված, անհետ կորած իմ պապի մի քանի խամրած, հին լուսանկարներ. ահա այն ամենը, ինչ մենք ունենք: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով են, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»,-ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայ հասարակությունում չեն մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին: Նրանց անունով են կոչված մայրաքաղաքի գլխավոր պողոտաները և գրեթե բոլոր քաղաքներում տեղադրված են հուշարձաններ: Այդ համատեքստում վարչապետը նշել է, որ մայիսի 9-ին, չնայած կորոնավիրուսի պանդեմիային, երկրում կանցկացվեն տոնական միջոցառումներ, կկայանա կործանիչների շքերթ, իսկ 208 վետերաններ կստանան պատվավոր պարգևավճարներ ավելի քան 600 դոլարի չափով:
«Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը զոհվելն է հանուն հայրենիքի, և Հայրենական մեծ պատերազմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,-ընդգծել է վարչապետը:
Փաշինյանը մաղթել է բոլորին տոնական տրամադրություն և կոչ արել չընկճվել, որ տոնական միջոցառումները չեն անցկացվի նախապես որոշված ծրագրով: Նա առաջարկել է այլընտրանք՝ տոնել տանը՝ ընտանեկան միջավայրում, կամ առցանց հարթակներում:
https://www.youtube.com/watch?time_continue=817&v=V6a7W7UxKBo&feature=emb_logo