Պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած է համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող. ԱՀ ՆԳ նախարար

Ամենադիտվածներ

Արցախի Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին, հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որին մասնակցել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: Այս մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

««Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը Կարեն Սարգսյանին զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նույնականացման արդյունքներով հաստատված աճյունների և դրանցում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահը անհայտ բացակայող համարվող զինծառայողների հարազատների հետ քննարկել է դատագենետիկական նույնականացման հետագա գործընթացի, կրկնակի նմուշառումների անհրաժեշտության և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է ծնողներին, որ հանձնաժողովն ամբողջ գործիքակազմով լծված է անհայտ ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս այս ձևաչափով շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալ և քննարկել հետագա անելիքները:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ են բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:

Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում՝ զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ