ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշին: Հանդիպման ընթացքում Վահե Գաբրաշը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու ծրագրերը:
Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի արդեն իրականացված ծրագրերը: ՀՀ վարչապետի տիկինը մանրամասն ներկայացրել է հատկապես հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը՝ շեշտելով, որ այս տարի «Իմ քայլը» կրթաթոշակ է տրամադրել աշխարհի առաջատար բուհեր ընդունված 54 ուսանողի: Կարևորելով կրթական ծրագրերի իրականացումը, Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին: Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է նաև հոկտեմբերին Շվեյցարիա կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև բարերարին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնը:
«Երբ վարչապետն իմացավ, որ պետք է ձեզ հետ հանդիպեմ, խնդրեց փոխանցել, որ բարձր է գնահատում Հայաստանում ձեր գործունեությունը»,- ասել է Աննա Հակոբյանը:
Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից: