Արդեն տևական ժամանակ է՝ հատուկ ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում են: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
«Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես, հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»,-ասաց նա։
Մակինյանը նշեց, որ իրենք համապատասխան միջնորդություն են ներկայացրել:
«Սա աննախադեպ պրակտիկա է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն տրվում: Այն գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում, որ գործով պարոն Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ»,-ասաց նա:
Ամրամ Մակինյանը տեղեկացրեց, որ այս պահին Հրայր Թովմասյանն իր բնակարանում է և քննչական գործողությունը, որպես այդպիսին, չի սկսվել: