Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, որը նշվում է դեկտեմբերի 9-ին, կարևոր առիթ է անդրադառնալու Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է անփոփոխ՝ 47 միավոր։ Սա վկայում է, որ վերջին տարում էական առաջընթաց չի գրանցվել։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2025 թվականի ուսումնասիրության համաձայն՝ հասարակական վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ։ Հարցվածների ընդամենը 3%-ն է նշել հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը որպես ձեռքբերում։
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը բախվում է մի շարք մարտահրավերների։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 2025 թվականի զեկույցը մատնանշում է հակակոռուպցիոն բարեփոխումների կիրարկման խնդիրները։ Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։
Մտահոգիչ են նաև քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, գաղտնալսումների արտահոսքերը և բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով դատավարությունների բացակայությունը։ Այս խնդիրները խարխլում են արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը։
2026 թվականը վճռորոշ տարի է Հայաստանի համար՝ խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում։ Հիմնական մարտահրավերներից է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը։ 2024 թվականի օրենսդրական փոփոխությունները սահմանափակել են ֆինանսական տվյալների հասանելիությունը, ինչը ճանապարհ է հարթում ապօրինի ֆինանսավորման համար։ Պետական ինստիտուտների առաջնային առաքելությունը պետք է լինի ազատ և արդար ընտրությունների կազմակերպումը՝ ժողովրդավարական արժեքների պահպանման համար։

