Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որին մասնակցեցին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտեց, որ խոշտանգումների կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է։ Նա նաև կարևորեց միջգերատեսչական և բազմակողմ համագործակցությունը՝ նշելով, որ ոլորտի խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով։
Նիստի ընթացքում ներկայացվեց Կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 58 այց, որոնցից 10-ին անձամբ մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Անդրադարձ կատարվեց այցերի ընթացքում արձանագրված խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, որոնք կդառնան 2026 թվականի գործունեության ուսումնասիրության առարկա։ Միջոցառումն իրականացվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և բնակչության հիմնադրամի հետ համատեղ։
Մեր կողմից նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գործունեությունը շատ դեպքերում հիշեցնում է մի պաշտոնյայի գործունեություն, որը խնդիր ունի ապացուցելու, թե ինքը Հայաստանի Հանրապետությունում կարեւոր այնպիսի պաշտոնյա է, ում խոսքն ու գործը որեւէ արժեք է ներկայացնում։

