fbpx
Մշակույթ

Կյանքի մտորումներից դեպի գրքերի ստեղծում․ հեքիաթային, հաղթական և զարթոնքով լի Անուշիկը

Թաքնված ստեղծագործողներ, որոնց պետք է բացահայտել, տաղանդներ, որոնց պետք է ճանաչի հասարակությունը։ Մանկության ստեղծագործ մտքերից, գրչից, մտորումներից, կորցրած բանաստեղծություններից մինչև գրքերի տպագրություն։ Նա չհանձնվող տեսակ է։ Հեքիաթային, հաղթական և զարթոնքով լի Անուշիկ Սարոյանը երեք գրքերի հեղինակ է։ Իր տարիների ուղին ամփոփել և ամփոփելու է իր գրքերում։ Ինչպես ինքն է նշում՝ «Ճշմարիտ ուղու արահետը խրթին է, բայց քաղցր արդարև»։

Azat TV-ին զրուցել է ժամանակակից գրող Անուշիկ Սարոյանի հետ։ 

– Ստեղծագործող մարդիկ տարբերվում են իրենց ներաշխարհով, հետաքրքիր է ո՞վ է Անուշիկը, ինչպիսի՞ն է նա և ինչպե՞ս է ընտրել ստեղծագործողի ուղին։

– Յուրաքանչյուր մարդու ներաշխարհը յուրովի և տարբեր է, մենք բոլորս մասնակիցն ենք մի մեծ դաշտի, որն անդադար մրցավազք է հիշեցնում։ Մենք այնքան նման ենք և այնքան տարբեր։ Ըստ իս, աշխարհընկալությունը կախված է, թե մարդ ինչ աչքով է նայում իրադարձությանը։ Իմ կարծիքով, թաքնված ստեղծագործություններ բոլորի հոգում կան։ Ես դեռ մանկուց վերցրի գրիչը և չդավաճանեցի նրան։ Ոմանք ասում են ժառանգաբար ինձ է անցել ստեղծագործելը, քանի որ պապիկս, հորեղբայրներս անվանի մանկավարժներ են եղել և ունեցել բազում հեղինակային ստեղծագործություններ։ Հիշում եմ, երբ 4 տարեկան արդեն իսկ տառաճանաչ լինելով (շնորհակալ եմ մորս դրա համար), հավաքել էի մի բույլ բանաստողծություններ, որն ավաղ, չգիտեմ ինչպես, կորավ և դա ինձ համար մի ծանր կորուստ եղավ։ Որից հետո նոր ուժ և ոգի էր անհրաժեշտ նորից վերցնելու գրիչը և ստեղծել, ստեղծագործել։ Եթե ինձ համեմատելու լինեի մի քանի տարի առաջվա Անուշիկի հետ ապա ասելու կլինեի հետևյալը. օր օրի և կարելի է ասել ժամ առ ժամ դառնում եմ ավելի նպատակասլաց, ուժեղ և չկոտրվող։ Այսօրվա Անուշիկը համառությամբ և խելամտությամբ կարող է բացել ցանկացած փակ դուռ իր առջև և թողնել ճշմարտության հետքեր իր ապագա երեխաների համար։ Սիրում եմ, երբ խոսքը կարճ ժամանակում եմ վերածում եմ գործի, և դա խթան է հանդիսանում ինքս ինձ հետ համեմատվելու և դրդում առաջ շարժվելու։ Ստեղծագործությունները մի այլ աշխարհ են ինձ համար, և այդ իրականության մեջ ես ձուլում եմ իմ կյանքը։

– Գաղտնիք չէ, որ մեր երկրում հնարավորությունները սակավ են, բարդ անցումներ եղե՞լ են գրքերը տպագրելու ճանապարհին։

– Բավականին բարդ է եղել ստեղծագործել դեռ մանկուց և տպագրել շատ ուշ։ Վերջապես 2021 թվականը բեղուն տարի եղավ ինձ համար։ Նախ աշխատանքի անցա Մանկան զարգացման կենտրոնում` վերջին ուսանողական պրակտիկայիցս լավ արդյունքներ գրանցած, ապա հուլիս ամսին ստացա տարրական մանկավարժի որակավորմամբ դիպլոմ, իսկ արդեն սեպտեմբեր ամսին հորաքրոջս՝ Թերեզայի, և իր ամուսնու՝ Անդրանիկի, օգնությամբ տպագրեցի առաջին գիրքս` «Հոգու զարթոնքը»։ Իմ  շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին, ով սատար կանգնեց իմ առաջին գրքի հրատարակմանը և օգնեց մտնել ինձ համար չակերտավոր «Ստեղծագործողների լայն աշխարհ»։

– Ձեր առաջին գիրքը «Հոգու զարթոնք»-ն է, ինչի՞ մասին են պատմում ձեր բանաստեղծությունները, ի՞նչ եք ցանկանում ստանան ձեզնից ընթերցողները։

– Նախ սկսեմ նրանից, թե ինչու եմ գիրքս անվանել «Հոգու զարթոնքը»։ Ինչպես նշեցի վերում, ես կորցրել էի իմ մանկության տարիներին գրած բանաստեղծությունները և իմ հոգին պիտի զարթներ ու նորից ապացուցեր անկոտրուն հայուհու կամքի ուժը։ Դրա համար ես այն կոչեցի «Հոգու զարթոնքը»։ Իմ բանաստեղծությունների զգալի մասը հայրենասիրական մոտիվներով են գրված, քանի որ ինձ համար թանկ իմ ընտանիքից հետո հայրենիքն է։ Գիրքը բաղկացած է երկու մասերից, համապատասխանաբար բանաստեղծություններ և արձակ` «կյանքի մտորումներ»։ Իմ բանաստեղծությունները կարդալով ընթերցողս տեսնում է հակադրություններ, ես փորձում եմ ցույց տալ, որ չկան վայրէջքներ, իսկ եթե կան, ուրեմն ոչ մեզ համար։ Կարծում եմ, որ բոլորս կարիք ունենք աճի, ծաղկելու ու բավ է մեր ազգին այն ամենն ինչ եղավ։ Հայ ժողովրդին խթանել է պետք, հիշեցնել է պետք անցյալն ու երբեք այսօրվա քոչվոր ու բազմահպատակ ցեղերի հետ չհամեմատվել։ Մեր արժանիքներն հազարամյակների պատմություն ունեն։

– «Հոգու զարթոնքը» գրքի բանաստեղծություններից մեկում գրել եք՝

Ռեալիստ ես, չես տուժի դու,

Իսկ թե հանկարծ ռոմանտիզմը քեզ խանգարեց…

Ա՜յ, կտուժվես։

Չեք կարծու՞մ, որ այսօր մեզ ռոմանտիզմը շատ է պակասում, ռեալիզմը գուցե սառնության է տանում։

– Իրականում չես կարող ասել, թե ինչ իրավիճակի մեջ կարող ես հայտնվել վաղը և իրավիճակն ինքը քեզնից չի պահանջի ոչ տատանողական, ռեալ որոշում։ Պարզապես ապրենք խաղաղ ու թեթև, իսկ ռոմանտիզմն ու ռեալիզմը կարող են ներխուժել հավասարաչափ մեր կյանք։ Ղեկը մեր ձեռքում է, իսկ ուղղությունն՝ մեր ցանկության կամոք։

– Հետաքրքիր նախապատմություն ունի ձեր «Հավատի հաղթանակ» գիրքը, կպատմեք՝ ի՞նչն է խթան հանդիսացել գրչով ստեղծելու այն։

– «Հավատի հաղթանակը» գրելու նախապատմությունն է այն երազը, որը ես տեսա իմ առաջին գրքի շնորհանդեսի գիշերը։ Այո՛, երազ, որը անհապաղ պետք էր գրի առնելու, և որը մեծ նպատակ է ֆիլմ դարձնելու։ 2021 թվականի դեկտեմբեր ամսին հրատարակվում է երկրորդ ձեռնարկս «Հավատի հաղթանակը»։ Որքան ասելիք ունի այն հայ հասարակությանն և աշխարհում ապրող յուրաքանչյուր բնակչի, ով անտարբեր անցավ 2020 թվականին Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին։ Պատմության հերոսը Ներսեհն է, ով տաժանակիր առաջ է գնում հույսը դնելով Աստծուն և այն հավատին, որն էլ իր փառահեղ հաղթանակով ավարտ է մատուցում մի գեղեցիկ Արցախցի ընտանիքի պայքարի։


– Երբ ուսումնասիրում էի «Հավատի հաղթանակ» գիրքը, ինձ մի բան հետաքրքրեց, թե ինչու՞ եք հերոսին կոչել հենց Ներսեհ, ինչպե՞ս եք հերոսներին անուններ ընտրում։

– Կհավատաք, թե ոչ այդ ամենը ես տեսել եմ երազով, որ Մենուայի որդին պիտի կոչվի Ներսեհ և նորանուն հերոս, ով դեպի Աստծուն ուղղված իր հավատով կհաղթի անկարելիներին։ Ներսեհն ու իր մայրը` Մելանյան, Մենուան, Ալինան ու Իսահակը, Իշխան հորեղբայրն ու ամերիկուհի Անաիսը հերոսներն են իմ «Հավատի հաղթանակը» գրքի։

– Բացի «Հավատի հաղթանակ»-ից և «Հոգու զարթոնք»-ից նաև «Էլֆ արքայադստեր արկածները կղզյակում և մարդուկստանում» հեքիաթի հեղինակն եք։ Ի՞նչ սպասեն մանուկները Անուշիկից, ի՞նչ է Անուշիկը ցանկանում տալ հեքիաթասերներին։

– Հեքիաթը մի քանի օր է ինչ տպագրվել է, բայց արդեն իսկ սիրվել է փոքրիկ ընթերցողներիս կողմից։ Նախ ասեմ, որ ես հավատարիմ եմ իմ մասնագիտությանը, իսկ մանկավարժ լինելը, այն էլ տարրական դպրոցի ինձ ստիպում է լինել ավելի կազմակերպված և հնարամիտ։ Արդեն վեցը տարի է, ինչ սովորելուն զուգահեռ ես կրթել եմ մանուկների և առաջնորդել դեպի գիտություն, արվեստ։ Փնտրել եմ այնպիսի հատկանիշներ և առավելություններ երեխաների մեջ, որոնք հետագայում ասելիք են ունենալու։ «Էլֆ արքայադստեր արկածները կղզյակում և մարդուկստանում» հեքիաթն իր մեջ պարունակում է մի մեծ գաղափար, թե ովքեր են էլֆերն ու թզուկները, ինչպես համառությամբ, ճարպկությամբ ու հնարամտությամբ կարելի է հասնել արդյունքի։ Ահա և այսպիսին էր Էլֆ Պոռոտախոսիկ արքայադուստրը, ով մի օր որոշում է հասնել կղզյակ և վերջ դնել Մարդուկստանի բոլոր թզուկների վախերին։ Նա միավորում է հսկաներին, թզուկներին և էլֆերին։ Ահա որքան մեծ գաղափար է դնում հեքիաթը փոքրիկ ընթերցողի մեջ` հիմք դնելով ընկերասիրությանը, հնարամտությանը, համառությանն ու իհարկե բարությանը։ Դեռևս շատ ասելիք ունեմ՝ հատկապես մանուկների համար։ Այնպես որ սպասեն նոր հեքիաթների և ուսոցողական խաղերի, որոնց միջոցով առավել հեշտ կինտեգրվեն իրենց դպրոցական դասերին և կդառնան ամուր հիմքով սերունդ հետագայում։


– Չեք շտապու՞մ, չէ որ աշխարհը ակնթարթային արագությամբ է առաջ գնում, չեք վախենու՞մ հետ մնալուց։

– Ամենևին չեմ շտապում, այլ հակառակը ժամանակին զուգահեռ առաջ եմ գնում։ Երջանիկ եմ և անվախ, քանի որ ունեմ ընտանիք, և երջանկությունս կրկնապատկվեց երբ եղբայրս, ով, մասնակցելով վերջին պատերազմին, այսօր մեր կողքին է։ Ի՞նչ է ինձ պետք առավել։

– Մտքերը թղթի՞ն եք հանձնում, թե՞ նախընրում եք նորագույն տեխնոլոգիաները։

– Այսօր ես աշխատում եմ նորագույն տեխնոլոգիաներով, իսկ ոչ վաղ անցյալում հնարավոր չէր մտքերը թղթին չհանձնել։ Չեմ կարող չնշել, երբ գալիս է մուսան իմ նոթատետրն է ինձ օգնության հասնում։

– Ամենասիրելի մեջբերումը ձեր գրքերից որևէ մեկից, որ այս պահին կհիշեք։

-Եւ եթե ծնվել ես, ուրեմն ունես առաքելություն

Գտի՜ր քո բարի առաքելությունն ու հոգիդ պատիր սիրո շղարշով…

– Անկատար երազանքներ ունե՞ք։

– Երազանքներ առհասարակ չունեմ, ունեմ մեկը մյուսից լավ ու բարի նպատակներ, որոնց հասնելու եմ վաղ թե ուշ։

– Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը։

– Իմ հավատը առ Աստված։ Ինձ ոգեշնչում է իմ եկեղեցին ու այն պատարագի խնկաբույր աղոթքը, որով զորանում եմ ու գոհաբանում։

– Ի՞նչ է ձեզ համար Հայաստանը։

– Չեմ կարող բառերով նկարագրել ինչ է, ով է Հայաստանն ինձ համար։ Միայն կնշեմ մի բան, որտեղ էլ լինեմ այն իմ հոգում է, և ամեն տեղ պիտի գովեմ ու փառաբանեմ այն պատմությունը, որը ունի միայն Հայաստանը։ Հայաստանն իմ հոգու կանչն է։

– Ի՞նչ է սերը։

Ակամայից հիշեցի իմ հեղինակած «Սերը» բանաստեղծությունից մի հատված.

Սերը առհավետ է մեզ տրվում,

Տիեզերային անսահմանություն…

Տերևների այն ճռվողյունով,

Որի մեջ այնքա՜ն սիրո ճյուղեր կան,

Արագիլների հսկա թռիչքով,

Որի մեջ հոգու երկար թռիչք կա։

Ի վերջո սերը մարդն է իր իսկ պատկերով։

– Ո՞րն է երջանկության գաղտնիքը։

– Իմ կարծիքով երջանկությունը գաղտնիք չունի։ Ես ես եմ կառուցել իմ երջանկությունը և ես ունեմ նշանաբան` «Չեմ կարող, չի լինի» կարգախոսներն ինձ համար չեն։ Ես կարող ուժ եմ, ես անելու եմ, ես հասնելու եմ։ Եղե՜ք երջանիկ և ինքներդ կառուցեք ու ստեղծեք ձեր երջանկությունը։

Հեղինակ՝ Վիկտորյա Հովեյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ