ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեսյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ դիմակներով դպրոց հաճախելու որոշմանը:
«Դիմակներ կրելու մասով գործում է փակ տարածքներում դիմակների կրման ընդհանուր կարգավորումը՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան ուղեցույցները և խորհրդատվությունը երեխաների կողմից դիմակներ կրելու մասին, բայց այժմ քննարկում ենք դրա՝ մեր իրավիճակում կիրառման հնարավորությունները, և այդ քննարկումները մեր գործընկերների հետ ավարտելուց հետո կկարողանանք այս մասին ավելի հստակ տեղեկատվություն տալ»,-ասաց նախարարի տեղակալը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կանոներ են սահմանվել դպրոցների ներսում շարժը կարգավորելու առումով, որպեսզի հնարավորինս բացառվեն անկանոն շփումները, որոնք կարող են դառնալ վարակի տարածման հավելյալ ռիսկ:
«Դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպումը ելնելու է նրանից, թե ինչ միջին խտության դասարաններ ունենք, և ինչպես հնարավոր կլինի ապահովել սոցիալական հեռավորությունը: Առաջարկել ենք մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվի՝ ուղղակի պահպանելով համաճարակային ընդհանուր կանոնները, իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում ավելի քան քսան երեխա կա, դասարանները պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Սա հնարավորություն է տալու կրճատել միաժամանակ դպրոցում գտնվողների թիվը: Ուսուցիչներն, իրարկե, կարիք կունենան կարգավորել ուսումնական գործընթացը և առարկայի ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի նման դասացուցակի պարագայում փոխանցել նախատեսված նյութը: Պարտադիր է ամեն օր դպրոցի ախտահանումը, ուսուցիչները հավելյալ աշխատելու դեպքում պետք է ապահովվեն հավելյալ վարձատրությամբ»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:
«Առողջապահության նախարարության մեր գործընկերները որոշակի կարգավորումներ են նախատեսել դպրոցներում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերման և դրա պարագայում գործելու կանոնների մասին, մասնավորապես նախատեսված է, որ եթե դեպքերը դպրոցում լինեն 10% ևավելին, ապա դպրոցի հետագա գործունեության հարցը կդրվի, և որոշ ժամանակավոր այդ դպրոցները չեն գործի»,-ասաց նա:
Տեղակալը հավելեց, որ, մյուս դեպքերումկլինի առանձին մոտեցում: