Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Տեղի ունեցած ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասաց նախարարը:
Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած ՀՀ հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա տոնը կնշվի ապրիլի 25-ին՝ կիրակի:
«Որևէ հատուկ ոչ աշխատանքային օր չի նշվում այս նախագծով»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: