fbpx
Խորհրդարան

Զեյնալյանը հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում զգալի առաջընթաց է արձանագրում

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության իրականացրած գործողություներում կարևորագույն ձեռքբերում է համարում նախորդ տարվա թափանցիկ և ժողովրդի վստահությունը վայելող երկու ընտրությունները: Ժողովրդավարության առումով երկրում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ լուծում պահանջող խնդիրներ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը այս մասին ասաց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության արդյունքներին` կարևորագույն ձեռքբերում եմ համարում անցյալ տարում ազատ արդար ու թափանցիկ և ժողովրդի վստահությունը վայելող երկու ընտրություններ` խորհրդարանական և Երևան ավագանու ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: Կարծում եմ, որ այդ ընտրությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության հետագա կայուն առաջընթաց գրանցելու նախապայման են: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության բնագավառում նախորդ տարվա ապրիլի հեղափոխությունից հետո արձանագրվել է շոշափելի առաջընթաց: Դրա մասին են վկայում նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված գնահատականները»,-ներկայացրեց Զեյնալյան:

Այնուամենայնիվ նա տեղեկացրեց, որ այս ոլորտում դեռ առկա են լուծում պահանջող խնդիրներ, և պետք է ներդնել շարունակական ջանքեր` նոր առաջընթաց գրանցելու համար: Զեյնալյանը նշեց` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով կառավարության կողմից 2017-ին ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 գործողությունների ծրագիրը: Վերջինս ներկայում գտնվում է իրականացման փուլում: Ծրագրի կատարման հաշվետվողականության բարձրացման, ծրագրի կատարումը համակարգելու նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդը:

Նախարարը շեշտեց, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական և իրավական պետության առաջնահերթություններից են: Նա նկատեց` դա ամրագրված է մեր սահմանադրությամբ և կառավարության նախորդ տարվա ծրագրով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ