fbpx
Արցախ

Ապրիլյանի վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից․ ԱՀ ՄԻՊ

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Այս մասին տեղեկնում ենք Արցախի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունից:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին եւ զոհված զինծառայողների մարմինները: Անպատժելիության հետեւանք է նաեւ, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական գերեվարված անձանց եւ շարունակում է վանդալիզի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր եւ կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար եւ պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների եւ հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ