ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի իր մեկնարկային ելույթում անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշելով, որ իրենց Կառավարությունը մանդատ է ստացել՝ Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ այս խնդիրը լուծելու համար կան հարցեր, որոնք արագ լուծվող են, և կան հարցեր, որոնց լուծումը երկար ժամանակ է պահանջում։
Անդրադառնալով արագ լուծվող հարցերին, Փաշինյանն ասաց, որ դրանցից մեկը տարածաշրջանի ապաշրջափակման օրակարգերն են ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։
Վարչապետը կարծիք հայտնեց, որ պետք է աշխատանքները վերսկսել փոխվարչապետերի եռակողմ ձևաչափով։
Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային և դելիմիտացիային, ապա Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումն այս մասով անփոփոխ է։