Այսօր ԿԳՆ-ի մոտ մի խումբ ծնողներ առաջին դասարանցիների ընդունման նոր եղանակի դեմ բողոքում էին: Ծնողներից մեկը՝ Վահրամ Գրիգորյանը, Shantnews.am-ի թղթակցի հետ զրուցելիս նշեց, որ էլեկտրոնային ծրագիրը գործարկելուց 1 ժամ հետո տղային գրանցելու համար մուտք է գործել կայք, բայց արդեն նախատեսված 170 տեղը լրացված է եղել:
«Իմ աղջիկը սովորում է այդ դպրոցում` 4-րդ դասարանում: Այն մեր տան մոտակայքի միակ դպրոցն է: Տանը հիվանդ մայր ունեմ, ես ու կինս էլ աշխատում ենք, տանել-բերելու հարց կա: Մեր տղային ուրիշ դպրոց տանել չենք կարող: Ի՞նչ է նշանակում` չեք հասցրել գրանցվել: Դեռ ծրագիրը չմեկնարկած` արդեն բոլոր տեղերը լցվել են: Թե լավ բան էին ուզում անել, չստացվեց: Ժողովրդի համար են անում, թող ժողովրդի կարծիքը լսեն»:
Մյուս ծնողի խնդիրն էլ էր նույնը, բայց արդեն ուրիշ դպրոցում:
«Մեծ աղջիկս գնում է Դավիթաշեն 2-րդ թաղամասի 192 դպրոց: Փոքր երեխայիս համար մուտք գործեցի, որ այդ դպրոցում գրանցեմ, պարզվեց` ժամը 3-ից տեղերն արդեն լրացվել են: Իսկ ես, մոտիկ տեղը թողած, հեռու չեմ կարող տանել»:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մոտեցել է ծնողներին և երկար զրույցից հետո խոստացել՝ դիմումներն անպայման կքննվեն, բայց թե երբ դա կլինի, ծնողները տեղյակ չեն: