fbpx
Արցախ

Հուզմունքով ընդունեցինք այն լուրը, որ 2021-ը հռչակել եք Արցախի տարի. Արայիկ Հարությունյանը՝ Արամ Ա-ին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին 2021 թվականը Արցախի տարի հռչակելու և մշտապես արցախահայության կողքին լինելու համար:

«Վեհափա՛ռ Տեր

Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական է ու միակամ թե՛ ցավի ու վշտի և թե՛ հաղթանակի պահին՝ լինի Արցախում, մայր Հայաստանում թե Սփյուռքում:

Լիահույս եմ, որ մենք կկարողանանք բոլորս միասին, ապավինելով Աստծո զորությանը, համատեղելով համայն հայության ներուժն ու ջանքերը, հաղթահարել մեր Հայրենիքին պատուհասած այս ահավոր փորձությունը ևս, մեկընդմիշտ շրջել պատմության սև էջը և շարունակել ապրել ու արարել՝ հանուն մեր նահատակների ու ապագա սերունդների:

Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մշտապես Արցախի կողքին լինելու, ըստ ամենայնի աջակցելու ու սատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աստվածահաճո ու հայրենանվեր առաքելությունն՝ ուղղված համազգային խնդիրների լուծմանը, հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու բարգավաճմանը:

Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքն ու ջերմ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատության ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/675525406478169

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ