Հասարակություն

Արամ Աթեշյանը շնորհավորել է Սահակ Մաշալյանին, չնայած ընտրությունները դեռ չեն ավարտվել

Այսօր ընթանում է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը: Պատրիարքի ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Չնայած նրան, որ ընտրությունը դեռևս ընթացքի մեջ է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ընդունելով պարտությունը, իր Facebook-ի էջում շնորհավորել և բարեմաղթանք է հղել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:

Աթեշյանը մասնավորապես գրել է.

«Շնորհավորական

Ազգային պատգամավորական ժողովն այսօր ընտրում է Պոլսո Պատրիարքական աթոռի 85-րդ գահակալին: Շաբաթվա վերջին տեղի ունեցած քվեարկության հետ ուղիղ համեմատությամբ գահ կբարձրանա Բարձր. Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը վերջին շրջանում զբաղեցնում էր տեղապահի պաշտոնը, իսկ այժմ կստանձնի մեր նվիրապետական ու Սբ Աթոռի ղեկը: Այսպիսով՝ անկեղծորեն շնորհավորում ենք նորընտիր պատրիարքին, որին մաղթում ենք հաջողություններ:

Որպես Պոլսո Աթոռի հոգևորականության ամենաավագ անդամ՝ մաղթում ենք, որ այս նոր շրջանում թուրքահայ ազգային-եկեղեցական կյանքում վերահաստատվի միասնականությունն ու եղբայրությունը: Մեր աղոթքն է, որ այս դարավոր պատրիարքական աթոռի առջև բացվի նոր ծաղկուն շրջան և նրա առաքելությունն արգասավորվի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառություն մեր սուրբ եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի:

Թող Տերն անսասան պահի Պոլսո Հայոց պատրիարքությունը և իր Սուրբ Հոգին անպակաս անի մեր հավատացյալ ժողովրդից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ