Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանեց քաղաքացիների հարցերին: Վարչապետը նախօրոք գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որ ապրիլի 19-ին ուղիղ եթերում կպատասխանի իր գրառման մեկնաբանություններում ամենաշատ հավանում ստացած հարցերին:
«Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել», – նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիներից մեկը գրել էր. «Որպես մայր, խնդրում եմ ուշադրություն դարձրեք հեռուստահաղորդումներին, լավ սերունդ դաստիարակելու համար»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա շատ կարևոր հարց է, ապա հավելեց, որ այդ խնդրի լուծման համար է որ գործարկել են մի ծրագիր,որի նպատակը երիտասարդ սերնդին մշակույթի հետ կապելն է: Համակարգը ներկայացրել է Կրթության և գիտության նախարարությունը: Համակարգի իմաստն այն է, որ ՀՀ բոլոր աշակերտները պետբյուջեի հաշվին տարին մեկ անգամ կարող են գնալ, թատրոն, կինո թանգարան:
Վարչապետը նաև անդրադարձավ հեռուստասերիալներին՝ նշելով, որ անհրաժեշտ է բարձրացնել դրանց որակը, որպեսզի որպես խողովակ օգտագործենք և դրանց բովանդակությունը կատարի նաև կրթական գործառույթ: Օրինակ, հնարավոր է այնպես անել, որ սցենարի միջոցով մարդկանց ֆինանսական կրթվածության մակարդակը բարձրանա:
Մեկնաբանություններից մյուսում ասվում էր. «Սիրելի պարոն Փաշինյան, մեր ամբողջ հետևորդների անունից խնդրում ենք ներել մաքսատան այն աշխատակցին, որը դիմում գրեց և ազատվեց պաշտոնից: մենք գիտակցում ենք, որ նա մեծ սխալ է արել դրոշը գետնին թողնելով, բայց մեզ հարյուրավոր նամակներ են գրում, որպեսզի մենք բարձրացնենք այս հարցը: Հույս ունեմ՝ կկարդաք մեր խնդրանքը և կարձագանքեք»:
Անդրադառնալով այս խնդրին՝ վարչապետը համեմատեց այս միջադեպը Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մի քաղաքացի մուտք էր գործել մաքսատանմայն ռենտգեն սարքի մեջ մաքսատան, որը նախատեսված չէ մարդկանց համար, այլ նախատեսված է ճամպրուկները ստուգելու համար: Մաքսատան աշխատողները դա նկարել էին և գցել սոցիալական ցանց: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանք նույն բաներն են, նույն երևույթի երկու տարբեր կողմերն են:
«Այս դեպքում եղան արձագանքներ՝ հանել գործից, ազատել, բայց չէ որ նրանք նույնպես ընտանիք ունեն, ինչու էս դեպքում հանել իսկ մյուս դեպքում չհանել: Մի դեպքում անարգել են քաղաքացուն, մյուս դեպքում՝ դրոշը: Նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, իսկ նա, ով դրոշն է անարգում, անարգում ա քաղաքացուն: Առանց դրոշի քաղաքացի չկա, և առանց քաղաքացու չկա դրոշ: Այս միջադեպը ցույց է տալիս, որ մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն: Շատ եմ վերլուծել իմ գործողությունները և պիտի խոստովանեմ, որ իմ ռեակցիան ճիշտ էր: Նա ինձ համար ընդամենը պետական պաշտոնյայի սիմվոլ էր, ով անագում է դրոշը: Ես ազատել եմ բոլոր էն պետական պաշտոնյաներին ովքեր անարգել են դրոշը», – ասաց Փաշինյանը: