Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում այսօր կայանալու է «Արարատ-Արմենիայի» – «Սաբուրթալոյի» հանդիպումը: Մրցակից թիմի կիսապաշտպան Սանդրո Ալտունաշվիլին կայանալիք առաջին խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով.
«Դրական սպասելիքներ ունենք: Վատն այն է, որ Վագները չի կարողանա օգնել մեզ, բայց մնացած խաղացողները լավ մարզավիճակում են:
Մենք պետք է ամեն ինչ անենք լավ խաղ ցուցադրելու և առաջին խաղում ցանկալի արդյունքին հասնելու համար:
Շատ կարևոր խաղեր ենք անցկացրել «Շերիֆի» և Զագրեբի «Դինամոյի» հետ: Մեծ փորձ ենք ձեռք բերել ու կարծում եմ՝ սա շատ կարևոր կլինի նաև «Արարատ-Արմենիայի» համար: Նրանք պարտության են մատնել շվեդական ԱԻԿ-ին և թվում է՝ բարդ մրցակից են: Լարված հանդիպում է սպասվում, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ հաղթանակով Վրաստան վերադառնալու համար»,- նշել է նա: Ալտունաշվիլիի խոսքերն է փոխանցում վրացական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ ժամը 19:00-ին: Այն տեղի կունենա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: