ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարևոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման հարցում:
Ազգային ժողովի նախագահը, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը, նշել է, որ նորընտիր օրենսդիր մարմնում ձևավորվում է պատգամավորական բարեկամական խումբ և նորընտիր պատգամավորներից շատերը շահագրգռված են Լիբանանի հետ կապերի ամրապնդմամբ:
Արժևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային հարթակներում երկու երկրներն ակտիվ համագործակցում են, ինչը պետք է առավել զարգացնել:
Մայա Դաղերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի՝ ժողովրդի մեծ վստահությունը վայելելու կապակցությամբ:
Դեսպանը ևս կարևորել է երկու ժողովուրդների դարավոր և ամուր բարեկամությունն ու պատրաստակամություն հայտնել նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը և երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին: Այս գործում Մայա Դաղերը կարևորել է հայ համայնքի և Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավորների ու երկու նախարարների դերակատարությունը:
Կողմերն անդրադարձել են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: