«Արարատյան բակալավրիատի» ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:
Այս մասին ասված է ԿԳՆ–ի տարածած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությանը եզրակացության մեջ:
Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություններով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում։
Ըստ ուսումնասիրության բովանդակային առումով «Արարատյան բակալավրիատի խնդրահարույց հիմնական կետերն են` առարկայական ծրագրերի թարգմանված և /կամ տեղայնացված լինելը (ի հակադրություն ստեղծված լինելուն), առարկայական բովանդակային անհամապատասխանությունները, ինչպես նաև հիմնական դպրոցի վերջնարդյունքների և ԱՅԲ-ի շարունակականության միջև առկա խզումը:
«Արարատյան բակալավրիատի» ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով: Սա, մասնավորապես, վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը և այլ գործարքների:
Ֆինանսական հաջորդ խնդիրը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից վարձակալված տարածքի (պատկանում է «Վեմ» ռադիոկայանին) և դրա վարձավճարի մեծությունն է, որը 30-40%-ով գերազանցում է համարժեք գրասենյակային տարածքի միջին շուկայական արժեքը։ Այս հանգամանքը կարևոր է` հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված գումարների մի մասը վճարվել է ԿԳ նախարարության ու «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրերով հիմնադրամին հատկացված գումարներից:
Եվս մեկ ֆինանսական խնդիր, որն արժանի է ուշադրության, վերաբերում է պետական միջոցներից տրամադրված գումարներից հիմնադրամի աշխատակիցներին տրված պարգևատրումներին։ ՀՀ ԿԳ նախարարությունը հիմնադրամի հետ 2014 թվականի նոյեմբերի 13-ին կնքել է նվիրաբերության պայմանագիր: Հիմնադրամն իր հերթին 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում աշխատողների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր։ Պայմանագրերի կնքումից հետո 9 աշխատակից 15 օրվա համար պարգևատրվել է` նոյեմբեր ամսին ցուցաբերած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար (առանց հիմնավորման, թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարվել, ինչ արդյունքներ են արձանագրվել նշված ժամանակահատվածում) 13 452 847 դրամի չափով:
«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը չուներ հստակ ներդրման պլան, որը պետք է հաստատված լիներ դեռևս 2018 թվականի մարտ ամսին: Ընտրված ներդրման մոտեցումները ռիսկային են` դպրոցների միջև հավասարության, ռեսուրսների համաչափ բաշխման ու արդարության հավասարակշռության պահպանման տեսանկյունից:
Ծրագրի շարունակականության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արարատյան բակալավրիատի» աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ոչ պետական հենքի վրա վնասել են ծրագրի կայունության հեռանկարը: Ոչ պետական հարթակի վրա քննական կենտրոնի ստեղծումը և ծրագրի կառավարումը առաջ են բերել անբարենպաստ պայմաններ` ծրագրի կայացման, զարգացման և ընդլայնման համար։
ԱԲ ծրագրում ընդգրկված ուսուցիչների, տնօրենների, ծրագրի տեղայնացման ուղղությամբ աշխատած, ինչպես նաև քննական կենտրոնի մասնագետների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց տվեցին, որ ներգրավված են եղել իրենց գործին պատասխանատվությամբ վերաբերվող, կրթության ոլորտի գիտակ մարդիկ: Նախարարության համար հրամայական է առավելագույնս օգտագործել ընտրված պրոֆեսիոնալների մասնագիտական ներուժը` հանրակրթության ոլորտի բարեփոխումների նպատակների իրականացման գործընթացում:
Անհրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ հարցերի մանրամասները ներկայացված կլինեն ուսումնասիրության վերջնական զեկույցում, որը կտրամադրվի «Այբ» կրթական հիմնադրամին և կհրապարակվի հիմնադրամի կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո:
Այս մասին հաղորդում է armeniasputnik.am-ը։