«Առաջին լրատվականը» զրուցել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ նվիրված է գինու-կոնյակի շուկայում ընթացող վերջին զարգացումներին:
– Տպավորություն է, որ մեր կոնյակագործների մոտ լուրջ խնդիրներ են առաջացել: Ոլորտին մոտիկ մարդիկ խոսում են, որ գործարանների պահեստներում կեղծ կոնյակի բավականին քանակություններ կան, որ վերջին ամիսներին դժվարությամբ են արտահանում կամ ընդհանրապես չեն կարողանում արտահանել:
– Կոնյակի արտադրությունը ենթադրում է այդ ապրանքի վաճառք առաջիկա 50 տարիների կտրվածքով՝ որպես լուրջ սեգմենտ: Ոչ լուրջ սեգմենտը առաջիկա 10 տարիների կտրվածքով պետք է նախապատրաստվի և մտնի շուկա: Սա նշանակում է, որ պետությունը պետք է երաշխավորի, որ 50 տարվա ընթացքում իրենից կախված չեն լինի այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակներ կամ գլոբալ փոփոխություններ (խոսքը իրավական դաշտի մասին է), որոնք փաստի առաջ կկանգնեցնեն արտադրողներին: Այդպես է եվրոպական երկրներում: Հայաստանի նման երկրների դեպքում հասկանալի է, որ 50 տարվա մասին մտածելը լուրջ չէ, բայց գոնե 10-15 տարվա կայունությունն անհրաժեշտություն է:
– Աշխարհն աննախադեպ արագությամբ փոխվում է: Գիտությունը ամենատարբեր ոլորտներում, այդ թվում և՝ գինեգործության ու կոնյակագործության, պարբերաբար նորամուծություններ է առաջարկում, այդ թվում և՝ կեղծիքների դեմ պայքարի: Պետությունը ինչպե՞ս կարող է երաշխավորել 10-15, առավել ևս 50 տարվա կայունություն՝ այն դեպքում, երբ գործնականում անհնարին է կեղծն ու «անկեղծը» զանազանել, իսկ ռուսական շուկան թե՛ քաղաքական, թե՛ զուտ տնտեսական նկատառումներով գիտության նորարարություններն է կիրառում:
– Վերջին 10 տարիների ընթացքում գիտության զարգացման արդյունքում այս ոլորտ նոր մեթոդներ ու չափորոշիչներ մտան, նոր պահանջներ առաջացան: Արտադրողները նոր ստացվող սպիրտի հետ կապված այդ չափորոշիչները պահում են: Մոտ 5 տարի առաջ սկսեց կիրառվել կոնյակի սպիրտի ստուգման ածխածնի իզոտոպի մեթոդը, հետո՝ ջրածնի իզոտոպի, հետո՝ թթվածնի: Հիմա մտցնում են ազոտի իզոտոպային ստուգումը: Այդ կերպ ամեն անգամ փորձում են կեղծարարության դեմ պայքարել, կեղծ կոնյակի չափորոշիչները ի հայտ բերել: Շուկայի գնորդները գնել են սպիրտներ և տվյալ պահին գործող մեթոդներով անալիզի ենթարկել, սակայն այդ ժամանակվա օրենսդրությամբ ամեն ինչ նորմալ է եղել: Հետո՝ նոր չափորոշիչների կիրառմամբ, հասկացել են, որ նախկինում իրենց խաբել են: Ընդ որում, խաբեության երկու դրսևորումներ են եղել: Մի դեպքում խաբողն իմացել է, որ կեղծ արտադրանք է «սաղացնում» գնորդի վրա: Մյուս դեպքում՝ Հայաստանի շուկան փչացել էր այն աստիճանի, որ ոչ միայն գնորդը չգիտեր, որ կեղծ սպիրտ է գնում, այլև վաճառողն ինքն էլ չգիտեր, որ իր վաճառած սպիրտը կեղծ է: Գնալով այս իրավիճակը խորանում էր:
– Տարիներ առաջ պատմեցին մի դեպքի մասին, երբ գործարարներից մեկը 4 ֆուռ կոնյակ է արտահանում Եվրոպա: Մինչ մեքենաները տեղ կհասնեին, այստեղ ոլորտի ղեկավարները տեղեկանում են, որ ընդունող երկրում դրանք լուրջ ստուգման են ենթարկվելու: Ապրանքատիրոջը անմիջապես տեղեկացնում են: Սա մեքենաները հետ է կանչում, նոր, չկեղծված պարտիա է բարձում, ուղարկում: Ընդունող երկրում ապրանքը ստուգվում է ու պարզվում, որ «չկեղծվածն» էլ ամբողջությամբ կեղծ է: Ինչևէ: Վստահ եմ, որ Ձեր նշածը ԵԿԳ-ին չի վերաբերում:
– Ֆրանսիացիները ԵԿԳ-ն գնելուց հետո եղած ամբողջ պաշարից նմուշներ ուղարկեցին եվրոպական լաբորատորիաներ՝ բոլոր հնարավոր և ապագայում ենթադրվող մեթոդներով անալիզների: Այդ առումով ԵԿԳ-ն լավ վիճակում է, որովհետև, լինելով դասական արևմտյան ընկերությանը, ժամանակին հասկացավ շուկայի վիճակը և երբեք ոչ մի միլիլիտր կեղծած չլինելով՝ 2002-2004թթ. ժառանգություն մնացած ամբողջ կասկածելիից ազատվեց, մաքրելով իր պաշարները՝ ապագայի համար ապահովագրեց իրեն: Սովետի օրոք ևս մեծ քանակությամբ կեղծում էին ամենատարբեր մեթոդներով՝ հիմնականում օգտագործելով շաքար, ինչը 10 տարի առաջ դեռ հնարավոր չէր բացահայտել: Հիմա շուկան խորքից ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ կեղծ սպիրտների շուրջ 80%-ը միտումնավոր կեղծված է, մնացածը՝ նախկինից մնացած, չիմացության արդյունք է:
– Եվ ամբողջ այդ կեղծ սպիրտի և դրանից պատրաստված կեղծ կոնյակի սպառողը ռուսական շուկան է: Ոչ մի կայացած շուկա նման կեղծ արտադրանք չի ընդունի սպառման:
– Հարցն այն է, որ հիմնական սպառող ռուսական շուկան ևս արդեն չի ընդունում այդ կեղծ ապրանքը՝ կիրառելով իմ կողմից վերևում նշված իզոտոպային պարամետրերը: Բայցև պարադոքս է, որ չի էլ բարձրացնում գնվող՝ արդեն բարձրորակ սպիրտի արժեքը: Վերջին փուլում ռուսները սկսել են իրականացնել շատ կոշտ, ճնշող, հայկական սպիրտը իրենց շուկայից դուրս մղող քաղաքականություն: Եվ դա արվում է միտումնավոր: Ստիպում են, որ հայ արտադրող-արտահանողներն աշխատեն «արժեք պլյուս սիմվոլիկ շահ» տիրույթում: Փոխարենը դիվերսիֆիկացնում ու բարձրացնում են ներսի սպիրտների տեսակարար կշիռը: Սկսել են գնել Ադրբեջանում պաստրաստված չամիչի սպիրտ: Սրանք սպիրտներ են, որոնք իզոտոպային ստուգումների պահանջներին համապատասխանում են, բայց պատրաստված են ոչ թարմ խաղողից: Օրենքի դաշտում ամեն ինչ ճիշտ է, բարոյական դաշտում՝ միանշանակ ոչ:
– Բայց այդ ամենն իր մեջ լավ բան է էլ պարունակում՝ այն առումով, որ ի վերջո հայաստանյան դաշտը կմաքրվի կեղծ սպիրտներից, կեղծ խմիչքներից ընդհանրապես, և գործարանատերերը անորակ, կեղծ սպիրտներ ներկրելու փոխարեն կսկսեն գյուղացուց խաղող գնել, ինչը գրեթե չէր արվում վերջին տասնամյակում:
– Իրոք, դա կա: Ընդհանուր այս իրավիճակի լավ կողմն այն է, որ անցած տարվանից խաղողի գինը սկսել է բարձրանալ և հաստատ շարունակելու է բարձրանալ: Վստահ եմ, որ այս տարի կգ-ն 150 դրամից պակաս չի մթերվելու՝ հատկապես, որ որքան էլ ռուսների վարած քաղաքականությունը նպաստող չէ, այդուհանդերձ ռուսական շուկայում կոնյակի վաճառքի, հետևաբար և արտահանման ծավալները մեծացել են: Գնի որոշակի, ոչ մեծ աճ ևս կա: Փաստորեն 2013-14թթ. այս ոլորտում սկսված ճգնաժամը, որը կանխատեսվում էր, թե կտևի մոտ 4-5 տարի, անցավ: Հիմա որակական ճգնաժամի փուլ է, որը կտևի մինչև 2022թ., որից հետո կունենանք բավականին մաքուր դաշտ: Բայց դեռ կան ոչ քիչ արտադրողներ, որոնք ունեն հսկայական քանակությամբ կեղծ արտադրանք ու պատվեր նույն ռուսական շուկայից:
Տնտեսական կոլապսի պատճառով այս ոլորտում սկսված ճգնաժամը ամբողջությամբ ավարտվեց այս տարի: Հարցն այն է, որ իզոտոպային բավականին բաղադրություն, շատ ավելի բարձր թույլատրելիից, ունեն էկզոտիկ որոշ բույսեր, դրանց թուրմերը, դրանցից ստացված սերմերը, մելասը և այլն: Դրանց որոշ քանակությունից ստացված սպիրտների ավելացումը ցորենի սպիրտին բերում է միջինացված այն տվյալները, որոնք ունի իսկական խաղողի սպիրտը: Փաստորեն այս կերպ էլ հնարավոր է դարձել կեղծելը, բայց այս ամենում լավն այն է, որ կեղծիքի ծանրության կենտրոնը դուրս է գալիս Հայաստանից՝ մնալով ԱՊՀ-ում:
– Այս պահվածքով ռուսները քաղաքակա՞ն նպատակներ են հետապնդում, տնտեսակա՞ն, թե՞ երկուսը միաժամանակ:
– Այս ամբողջ գործընթացում ռուսների նպատակն է մեծացնել իրենց սպիրտների դաշտը: Սրանց շուկայի 93%-ը 3-5 տարեկան կոնյակներն են: Այդ շուկայում հայկական կոնյակները գտնվում են 7-ից 10-15%-ի միջակայքում, դրա համար շատ ցավագին է ազդում մեզ վրա: Ինչպես արդեն նշեցի, մենք օգտագործում ենք հին սպիրտներ, որոնց ծագումը չգիտենք, իրենք օգտագործում են նոր սպիրտներ, որոնց ծագումը գիտեն: Իրենք լավագույնս օգտագործում են այդ պահը: Երկրորդը՝ օգտագործում են ադրբեջանական սպիրտի գործոնը, որն ի սկզբանե 20%-ով մեզանից առաջ է, քանի որ շրջափակում չկա, հավելած, որ Իրանի շնորհիվ չամիչի խնդիր չունեն, մոնիտորինգի խնդիր չունեն իրենց ներսում: Մինչդեռ Հայաստանը դանդաղ, բայց վեր է ածվում իրավական պետության: Դրանով իսկ մեր կեղծ սպիրտը մրցունակ չի ադրբեջանական կեղծ սպիրտի հետ:
Շարունակությունը՝ 1in.am