fbpx
Արցախ

Արցախցի աշակերտները Համահայկական հայագիտական օլիմպիադայում գրավել են մրցանակային տեղեր

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 5-11-ը Հայաստանում կայացել է Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի, Արցախի թիմի ղեկավար-կազմակերպիչ Լորետա Աբրահամյանն ասել է, որ օլիմպիադայի նպատակն է նպաստել սփյուռքի հայագիտական ոլորտներում գիտելիքի տարածմանը, առողջ մրցակցային պայմաններում երեխաների ստեղծագործական դրսևորմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը:

Նա նաև նշել է,որ այն համապատասխան պայմաններ է ստեղծում սփյուռքի տարբեր հատվածների, Հայաստանի և Արցախի երեխաների փոխճանաչման և ինքնաճանաչման համար և խթանում նրանց միջև ուղղակի շփումները:

«Օլիմպիադային մասնակցել են հայկական ու հայկական բաղադրիչով կրթություն իրականացնող հաստատությունների 14-18 տարեկան սաներ, որոնք անհրաժեշտ իմացություն ունեին առաջարկվող նյութի շրջանակներում: Օլիմպիադան անցկացվեց հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի պատմության իմացության շրջանակներում: Այն ընթացել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլից առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները անցան բանավոր փուլ: Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսված էին ավանդական դարձած նախասիրական ասմունքի, հայկական երգի, պարի մրցույթներ, որոնց հաղթողները ստանացան ՀՀ ԿԳՆ շնորհակալագրեր:

Պատվիրակների համար նախատեսված էին նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ (Կոմիտասի 150-ամյակի առիթով՝ Կոմիտասին նվիրված զրույց և երգի ուսուցում, վարողներ. Անահիտ Մուղալյան, Սոնա Սիմոնյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կրթական ծրագրերի մասնագետներ, ազգային պարի ուսուցում, վարող. Գագիկ Գինոսյան, զրույց-դասախոսություն՝ Հայաստանի տարածքում պեղումների վերաբերյալ, բանախոս. Միքայել Բադալյան, պ.գ.թ., Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաճանաչողական և բնապահպանաճանաչողական շրջայց. Սևանավանք-Սևանի բուսաբանական այգի):

Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադային մասնակցել են թվով 80 հոգի ՌԴ Ռոստով, Մոսկվա, Կրասնոդար, Տյումեն քաղաքներից, Ջավախքից, Իրանի Սպահան և Թեհրան քաղաքներից, Քուվեյթից, ՀՀ-ից և Արցախից: Վերջինիս թիմը կազմված էր 10 հոգուց և մեկ ղեկավար-կազմակերպչից:

Թիմի անդամներից 3 հոգի՝ Արմեն Բեգլարյանը, Վլադիմիր Մարտիրոսյանը և Էմմա Սարգսյանը դարձան 2-րդ կարգի դիպլոմակիրներ (Ստեփ. հ. 11 ավագ դպրոց), Աստղիկ Բաբայանը՝ 1-ին կարգի (Մարտակերտի շրջ. գ. Նոր Այգեստան), պարի մրցույթում զբաղեցրել են 1-ին տեղ, իսկ մնացած մասնակիցները արժանացել են պատվոգրերի և որպես նվեր ստացել են հետաքրքրաշարժ գրքեր»,-ասել է Լ. Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ