fbpx
Արցախ

Արցախի ֆինանսների նախարարությունը ապացույցներ է պահանջել Վիտալի Բալասանյանից

Արցախի ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշելով հետևյալը․ «Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին»։

Ի պատասխան հայտնում ենք, որ հարկային մարմինը, լինելով ապաքաղաքականացված, որևէ թեկնածուի օգտին քարոզչություն չի իրականացրել և չի իրականացնելու։ Այդ հիմնազուրկ և կեղծ մեղադրանքները հնչեցնելու փոխարեն գրառման հեղինակից պահանջում ենք ներկայացնել գոնե մեկ հիմնավոր ապացույց, որը կփաստի գրառման ճշմարտացիությունը։

Մեր պահանջները ներկայացվելու դեպքում պատրաստ ենք օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել այն հարկային ծառայողներին, ովքեր թույլ են տվել հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտում։

Ողջամիտ ժամկետում փաստեր չներկայացնելու դեպքում գրառման հեղինակից պահանջում ենք հրապարակային հերքել անհարկի շահարկումներ պարունակող հայտարարությունը, այլապես դա կդիտարկվի hարկային համակարգի համբավը արատավորելու միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու էժանագին փորձ։Միաժամանակ հայտնում ենք, որ հարկային մարմինը այսուհետ ևս կշարունակի իրականացնել իր առաքելությունը՝ ԱՀ Սահմանադրությամբ և «Հարկային ծառայության մասին» ԱՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ ապահովելով հարկային օրենսդրության ամբողջական և համահավասար կիրառումը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ