ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում պետական-իավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հանձնաժողովային նիստում՝ «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների արդյունքները:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այնուհետև անդրադարձել է խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող նախագծերին, դրանց քննարկման ընթացակարգին և ԱԺ առաջիկա աշխատանքներին վերաբերող այլ թեմաների:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 10-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։