Արցախ

Արցախի պետնախարարը այցելել է Մարտունու շրջան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին այցելել է Մարտունու շրջան՝ ծանոթանալու պետական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, շրջկենտրոնում հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, քննարկվել են հիմնականում քաղաքաշինության ու գյուղատնտեսության բնագավառներին առնչվող հարցեր:

Գ.Մարտիրոսյանը խոսելով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ պետության ունեցած պարտավորություններից՝ ընդգծել է բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների հերթացուցակները կարճ ժամանակահատվածում ճշգրտելու անհրաժեշտությունը:

Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն ի պատասխան պետնախարարի դիտարկմանը, նշել է, որ վարչակազմում տեղի ունեցած բնակարանային հարցերով հանձնաժողովի հերթական նիստում առաջնահերթ է որակվել 14 բնակարանի տրամադրումը զոհված ազատամարտիկների, իսկ 3-ը՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին:

Պետնախարարը պահանջել է բնակարանային այս ու խնդրահարույց՝ Մարտունու վթարային շենքերի շուրջ հստակ առաջարկություններով հանդես գալ մեկ շաբաթվա ընթացքում:

Պետական նախարարը բարձրացրել է նաև կենսական նշանակության խմելու ջրի և ճանապարհների խնդիրները, համայնք առ համայնք ճշտել՝ որ համայնքում ինչ ծավալի աշխատանքի կարիք կա:

Խորհրդակցության ընթացքում Գ.Մարտիրոսյանը քննարկել է նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Շրջանում ևս ավարտվում է բերքահավաքը՝ բերքի տակ էր 14 220 հա, հնձման ենթակա տարածքներից մնացել է մոտ 722 հա: Ցորենի և գարու բերքատվությունը միջինից ցածր են, երաշտի պատճառով հողի մշակի ակնկալիքները չեն արդարացել հնդկացորենից, կտավատի բերքատվությունն էլ գնահատում են բավարար:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը պետական նախարարին է ներկայացրել անասնաբուծության, հատկապես խոզաբուծության ոլորտում առկա խնդիրները: Շրջանի մի քանի բնակավայրերում մենատնտեսները շարունակում են անտեսել մասնագետների հորդորներն ու անասուները պահել բաց պահվածքով: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է դիմել խիստ միջոցների՝ հաշվի առնելով ԽԱԺ վարակի բռնկման վտանգը:

Խորհրդակցության ավարտին հաջորդել է պետական նախարարի շրջայցը քաղաքի գլխավոր շինհրապարակներից մեկը: Պետական պատվերով շարունակվում է բազմաբնակարան թաղամասի շինարարության երկրորդ փուլը: Եվս 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերի և հիպոթեքային մատչելի պայմաններով՝ երիտասարդ ընտանիքներին: Շինարարությունն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում կավարտվի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը անձամբ է ստուգել աշխատանքների որակը, իսկ շենքերից մեկի նկուղային հարկում ծանոթացել ռմբապաստարանի կառուցման ընթացքին:

Մարտունիում շարունակվում է նաև ճանապարհների սալարկման աշխատանքները: Պետնախարարը ճանապարհաշինության ծրագիրը արդյունավետ է գնահատել՝ պատասխանատուներից պահանջելով ապահովել աշխատանքների բարձր որակը:

Հագեցած աշխատանքային օրվա հանդիպումները նաև հողօգտագործողների հետ էր: Բերդաշենի դաշտերում Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ծխախոտի, խաղողի և նռան մշակությամբ զբաղվող մենատնտեսների հետ, ովքեր փորձում են քայլ կատարել դեպի տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն: Պետական աջակցությունն այս բնագավառում խորքային հորերի կառուցման, էլեկտրաէներգիայի սուբսիդավորման, մթերման և այլ հարցերում է:

Երեկոյան պետական նախարարը այցելել է նաև Տիգրանակերտի քարի մշակման արտադրամաս, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու արտադրական հնարավորություններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ