Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից հերթական անգամ գազամատակարարման կասեցմանը, ասաց՝ գզամատակարարումը դադարեցվել է այն դեպքում, երբ այն վերականգնվել էր ընդամենը 1 օր առաջ, մինչ այդ էլ Ադրբեջանը գազամատակարարման խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել՝ 4 օր առաջ:
«Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանն Արցախի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, սակայն այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադրեցման և վերականգման ընթացքում տեղի են ունենում այլազան իրադարձություններ, օրինակ՝ գազամատակարարումը դադարեցվում է 50 տոկոսով, հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70 տոկոս, որից հետո իջնում՝ հասնելով 10 տոկոսի և այսպես շարունակ: Նման վայրիվերումներ օրվա ընթացքում կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ: Սա արդեն ոչ թե չակերտավոր բնապահպաններն են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե այդ չակերտավոր բնապահպանները Լաչինի միջանցքում առկա են և տեսանելի, գազամատակարարման հարցում չեն նկատվել»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Ըստ վարչապետի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանն Արցախի գազամատակարարման խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն:
Նիկոլ Փաշինյանի նկատառմամբ՝ ադրբեջանական չակերտավոր բնապահպանական ակցիան Արցախում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետև նա նաև արգելափակել է ԼՂ-ի էլեկտրական հոսանքի մատակարարումը:
«Հաշվի առնելով այն, որ էլեկտրական էներգիա արտադրելու ռեսուրսները ԼՂ-ում շատ չեն՝ Արցախի իշխանությունները ստիպված են լինում հովհարային անջատումներ իրականացնել: Այս իրավիճակում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են լինում իրենց տունը տաքացնել փայտանյութով, որն էլ բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով նաև այն, որ Արցախում ձյուն է տեղացել, և գիշերը օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 5 աստիճան՝ 0-ից ցածր: Այսպես հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները, որովհետև նրա կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի»,- նկատեց նա:
Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանի այս քայլերը մեկ նպատակ են հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու արցախահայերի կամքը, ինչը, վստահ է, անկոտրում է:
Ըստ երկրի ղեկավարի՝ պետք է ջանքերն ավելի մեծացնենք՝ ԼՂ-ում ծայր առաջ հումանիտար և բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որը Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքն է:
«Շնորհակալ եմ այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, որոնք այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել Արցախում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին: Միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն: Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունն ու սադրիչ գործելակերպը զսպելու եղանակ»,- ընդգծեց նա:
